ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում մեկնարկեց 9-րդ ուսումնական տարին
ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ) երեկ հանդիսավորությամբ հայտարարվեց 2013-2014 թթ. նորուսումնական տարվա մեկնարկը: ՔԴԵԴ-ն արդեն 9-րդ անգամն է դռները բացում և ընդունում իր նոր սաներին:
«Անցած տարիների փորձառությունը ցույց է տալիս, որ հաջողվում է ՔԴԵԴ-ում համախմբել երիտասարդ ինտելեկտուալների ստվար բազմություն, որոնք հասցրել են բանիմացության և որակյալ մասնագետների համբավ ձեռք բերել իրենց գործունեության ոլորտներում: Հետևաբար, զարմանալի չէ, որ մեր սեմինարները վերածվում են յուրատեսակ ֆորումների, որոնցում ծավալվում է բարձր որակի և մշտապես փոխադարձ հարգանքով ուղեկցվող բանավեճ: Այս ամենը ձևավորում է մթնոլորտ»,- ողջունելով ներկաներին` ասաց ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը:
Նա կարևորեց, որ դպրոցում ուսումնառությունից հետո հաճախ համագործակցություն է ծավալվում ոչ միայն ՔԴԵԴ նույն տարվա շրջանավարտների, այլև տարբեր տարիների շրջանավարտների միջև, և դա նշանակում է, որ դպրոցը կատարում է իր դերը. «Աշխատանք շատ կա թե’ պետականաշինության, թե’ տնտեսության բարձրացման, թե’ քաղաքացիական հասարակության ձևավորման, թե’ ժողովրդավարական արժեքների արմատավորման, թե’ եվրաինտեգրման, թե’ այլ կենսական ոլորտներում»:
ՔԴԵԴ-ի նոր սաներին ողջունեցին դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դպրոցի նախկին շրջանավարտներ, ներկայումս ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքական վերլուծաբան Արտյոմ Երկանյանը:
Ըստ Շ.Քոչարյանի` դպրոցը սովորեցնում է 3 սկզբունքներ` հարգել ուրիշի կարծիքը, քաղաքակիրթ բանավիճել և մտածել, ինչպես նաև` նպաստում է ՀՀ-ում էլիտայի ձևավորմանը` և’ քաղաքական, և’ տնտեսական, և’ լրագրողական ոլորտներում. «Կան թերություններ, որ պետք է լրացվեն»:
Ա. Զաքարյանի խոսքով` դպրոցը կարողացել է տարբեր մարդկանց միավորել մեկ հարթակում, իսկ ԵԽ այլերկրների քաղաքացիական հասարակությունների ակտիվ շփումը ՀՀ-ին միայն օգուտ է բերում. «Ես ամեն տարի ավելի եմ հպարտանում, որ այս դպրոցի շրջանավարտ եմ»:
«Դպրոցը յուրօրինակ հարթակ է քաղաքական բանավեճի համար: Այն խոսակցությունները, որ տեղի են ունենում այստեղ, չեն կարող լինել այլ հարթակներում: Դպրոցը յուրօիրինակ քաղաքական միջավայր է, այստեղ են գալիս տարբեր քաղաքակաան կուսակցությունների ներկայացուցիչներ, ընկերանում են և միմյանց տեսակետների հանդեպ հանդուրժող են լինում: Դպրոցը սոցիալական շփումների հրաշալի միջավայր է»,- նշեց Է.Ղազարյանը:
ՔԴԵԴ-ի նոր ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունից հետո սաների համար դասընթաց անցկացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ամերիաբանկի» Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: