Գոմեշի մսի գործով մեղադրյալները և՞ս կհամաներվեն
Գոմեշի մսի գործով 4 մեղադրյալների նկատմամբ համաներում դեռ չի կիրառվել, վնասն ամբողջությամբ հատուցելուց հետո միայն այդ հարցը կքննարկվի: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նշենք, որ բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու գործով մեղադրյալները շարունակում են փոխհատուցել ՊԲ-ին հասցրած վնասը:
Հարցին, թե որքան է կազմում վնասի չափը Մերի Սարգսյանը այս փուլում չցանկացավ նշել` հավելելով, որ դեռ նախաքննությունը շարունակվում է, և «երբ կավարտվի այն ժամանակ էլ կհայտնենք»:
2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Սույն գործով կա 4 մեղադրյալ:
Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալին և նույն զորամասի պարենային պահեստարանի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով, իսկ նույն զորամասի պարենային բազայի պետին՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Ի դեպ նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է: