
Տեր Վահրամ քահանա Մելիքյան. Պետք չէ ջանալ Եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ

Արդեն երկու օր շարունակ տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տեղեկություններ են հրապարակում երկու հնարավոր պաշտոնանկությունների մասին, որոնք երկուսն էլ կապվում են Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ: Դրանցից առաջինը վերաբերում է Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ն. Ծատուրյանին պաշտոնանկ անելուն, իսկ երկրորդը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին կարգալույծ անելուն: Նրանք երկուսն էլ հարցազրույց են տվել ԳԱԼԱ-ին եւ օգտվել կարծիքի արտահայտման իրենց իրավունքից:
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
– Տեր Վահրամ, տեղեկություններ կան, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին պաշտոնական Էջմիածինը կարգալույծ է անելու, եւ պատճառն այն է, որ սրբազանը հավանության է արժանացրել Զ. Բալայանի նամակը:
– Համացանցում լայնորեն տարածված այդ հոդվածը այլ կերպ չեմ կարող կոչել, քան տեղեկատվական անհեթեթություն: Կարծում եմ` հոդվածագիրը պետք է պատասխանատվության զգացում ունենա և նման մտացածին ու սադրիչ նյութերով չջանա իր հեղինակությունը հավելել: Չարամիտ է նյութի նպատակը: Որևէ մեկը Պարգև սրբազանին կարգալույծ չի արել, Սրբազան Հայրը առաջնորդական իր ծառայության մեջ է: Ինչ վերաբերում է Զ. Բալայանի նամակը հավանության արժանացնելուն կամ ոչ, ապա այդ մասին Մայր Աթոռը որևէ կեցվածք չի արտահայտել, որի համեմատ և քննվեն արտահայտվող տեսակետները: Այս առնչությամբ նշեմ, որ որևէ հոգևորականի չի արգելվում ազատորեն արտահայտել սեփական հայացքներն ու ընկալումները: Եկեղեցին, թեպետ իր գրկում միավորում է տարբեր քաղաքական հայացքներ ու աշխարհընկալումներ ունեցող հայորդիների` աշխարհական և հոգևորական, այդուհանդերձ քաղաքականությունից վեր կառույց է: Պետք չէ ջանալ Եկեղեցուն ներքաշել քաղաքականության մեջ, առավել ևս եկեղեցական կյանքը քննելիս այն դիտարկել աշխարհիկ և քաղաքական կյանքի պրիզմայով ու սկզբունքներով:
– Տեր Վահրամ, շրջանառվեց նաեւ այն միտքը, որ Արցախի թեմը մշտապես հակասությունների մեջ է եղել պաշտոնական Էջմիածնի հետ, եւ այս նամակի պատմությունը ուղղակի առիթ էր կաթողիկոսի համար՝ սրբազանին պաշտոնից հեռացնելու համար:
– Ս. Էջմիածինը որևէ հակասություն չունի և չի կարող ունենալ որևէ թեմի հետ, որովհետև յուրաքանչյուր թեմ, ուր էլ որ այն գտնվի, իր անբաժանելի մասն է կազմում և վայելում է Ս. Էջմիածնի աջակցությունն ու հոգատարությունը: Առավել ևս Արցախի թեմի պարագային որևէ նման երևույթ առկա չէ, ընդհակառակը` թեմը գտնվում է Վեհափառ Հայրապետի ուշադրության կենտրոնում, իսկ Պարգև սրբազանը, ով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, միշտ էլ գնահատվել է Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից իր նվիրյալ և կարևոր ծառայության համար:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի