
Սերժ Սարգսյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:
ՀՀ Նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խորը և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը: