«Ինձ համար այդ գաղափարն ընդունելի չէ». ՀՀ նախագահի եղբայրը՝ Զորի Բալայանի նամակի մասին
Այս օրերին Հայաստանում ամենից շատ քննարկվող թեման թերևս Զորի Բալայանի նամակն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, նշեց, թե ԼՂՀ-ն ՌԴ-ին միացնելու գաղափարը վաղուց կար, բայց շեշտեց, որ իր համար այդ գաղափարն ընդունելի չէ. «Այդ գաղափարը վաղուց կար, դեռևս 80-ական թվականներից՝ ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանից այդ մասին խոսվում էր,: Ըստ երևույթին, դա պատմական ակնարկ էր, քան նամակ: Այն ժամանակ էլ էին առաջարկում ՌԴ կազմի մեջ մտնի Ղարաբաղը, բայց… Ինձ համար այդ գաղափարն ընդունելի չէ»:
Իսկ այն հարցին, թե հաճա՞խ է հանդիպում եղբորը, նրա հետ հարցեր քննարկում, Լ. Սարգսյանը պատասխանեց, որ որպես եղբայր, իհարկե, հաճախ է հանդիպում: Մեր հարցին՝ միշտ համակարծի՞ք եք Սերժ Սարգսյանի տեսակետներին, նա պատասխանեց. «Դուք էլ եք պրովոկացիոն հարց տալիս. պետական բարձրաստիճան պաշտոնյան չի կարող համակարծիք չլինել երկրի ղեկավարի հետ»: