Կառավարության շենքի մոտ վատացել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի վիճակը, նրան տեղափոխել են հիվանդանոց (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գումարել է հերթական նիստը: Օրակարգն ինչպես միշտ ձեւավորվել է միաձայն: Գործադիրի անդամներից եւ ոչ մեկը որեւէ առարկություն չի ներկայացրել: Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջարկել է աշխատանքից ազատել ՀՀ արդարադատության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին: Կառավարությունը հաստատել է որոշումը:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում մայրաքաղաքի Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները: Ակցիայի մասնակիցները կայքի լրագրողի հետ զրույցում հայտնել են, որ տարիներ շարունակ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Այս ամենի հետեւում կանգնած է եղել Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք մեզ խոստում տվեցին, որ անտուն չենք մնա, բայց ինչ եղավ, նրանք հիմա չկան, իսկ այս կառավարությունն ու Տիգրան Սարգսյանը որեւէ քայլ ձեռնարկել չի ցանկանում»,- դժգոհել են բնակիչները:
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկի վիճակը կտրուկ վատացել է: Այս պահին նրան բուժօգնություն են ցուցաբերում ոստիկանները: Կառավարության շենքի մոտ է հրավիրվել նաեւ շտապբուժօգնություն: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»