Կամո Արեյանը հանդիպել է Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանդիպել է Երևանում գտնվող Լենինգրադի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանն ընդգծել է, որ Երևանի և Լենինգրադի մարզի միջև առկա են գործակցության լայն հնարավորություններ, և այդ համատեքստում կարևոր է երկու քաղաքների գործարար շրջանակների միջև կապերի խորացումն ու ընդլայնումը:
«Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունն իսկապես հաջողված է, երկու կողմերի ներուժն՝ ակնհայտ: Երևանի քաղաքապետը ևս կարևորում է Երևանի և Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև այլ քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացումը»:,- նշել է Կամո Արեյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Լենինգրադի շրջանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ռաշիդ Իսմահիլովն իր հերթին բարձր է գնահատել կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է կողմերի հարաբերություններում:
«Վստահ եմ, որ առաջիկայում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ծրագրերի իրականացումից զատ, կընդլայնվի ու առավել գործնական կդառնա նաև երկու քաղաքների փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համագործակցությունը»:,- նշել է Ռաշիդ Իսմահիլովը:
Հանդիպման ավարտին Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գործարար շրջանակներին՝ Երևանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և փոխգործակցություն ծավալելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն