Արմեն Գևորգյան. Ապակենտրոնացման քաղաքականությունն այսօր էլ մնում է ՀՀ կառավարության օրակարգում
Ֆրանսիայի Վալանս քաղաքում այսօր աշխատանքներն սկսեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որի բացմանը ելույթով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետը ողջունեց համաժողովի մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նա ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ավանդական բարեկամ երկրների հետ համագործակցությունը եւ նրանց փորձի կիրառումը մեր բարեփոխումների գործընթացում:
«Ապակենտրոնացման քաղաքականությունն այսօր էլ մնում է ՀՀ կառավարության օրակարգում. մենք ունենք Եվրոպայի խորհրդի հետ համատեղ մշակված ու հաստատված ապակենտրոնացման հետագա քայլերի գործողությունների առաջիկա երեք տարիների ծրագիր։ Հեռահար նպատակադրումը տեղական ժողովրդավարության զարգացումն է, տեղական մակարդակում տեղական նշանակության խնդիրներն արդյունավետ լուծելու ունակ իշխանությունների ձեւավորումը»,- իր ելույթում նշեց Ա. Գեւորգյանը (ելույթին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ mta.gov.am կայքում):
Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն, որը հայ համայնքի յուրօրինակ մշակութային օջախներից է համարվում: Կենտրոնում գործում է Հայոց ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է Ֆրանսիայի եւ, մասնավորապես, Ռոն Ալպի տարածաշրջանի հայ համայնքի ծագման, զարգացման պատմությունը:
Փոխվարչապետը մասնակցեց Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը, որին ներկա էին նաեւ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մինչ այդ, երեկ երեկոյան, Վալանս ժամանելուն պես, Ա. Գեւորգյանը հանդիպում էր ունեցել Վալանսի քաղաքապետարանում: Փոխվարչապետը շնորհակալություն էր հայտնել քաղաքապետ Ալեն Մորիսին` համաժողովը հյուրընկալելու եւ ջերմ ընդունելության համար: Կողմերն անդրադարձել էին նաեւ Վալանսի եւ Իջեւանի միջեւ փոխգործակցությանը, որի հիմքը դրվել է դեռ 1996-ից: Քաղաքները հիմնականում համագործակցում են կրթական, մշակութային ոլորտներում: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում դասավանդվում է ֆրանսերեն, իրականացվում են ուսանողների փոխայցեր: Քննարկվել են նաեւ փոխգործակցության զարգացման հեռանկարներին ու ուղղություններին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը բարձր է գնահատել նաեւ քաղաքապետի ուշադրությունը հայ համայնքի նկատմամբ: Հանդիպմանը Վալանսի քաղաքապետը ՀՀ փոխվարչապետին պարգեւատրել է Վալանսի Պատվո հուշամեդալով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին