Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին` իր անվտանգության հետ կապված խնդրով
Այսօր, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ կարգով ընդունեց քաղաքական և հասարակական ակտիվիստ Կարո Եղնուկյանին: Կարո Եղնուկյանը Օմբուդսմենին հայտնել է, որ անհանգստացած է սեփական անվտանգության համար, քանի որ ակտիվորեն մասնակցում է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» ակցիային: Նա Պաշտպանին հայտնել է նաև, որ «իրեն սպառնում և հետապնդում են, ինչպես նաև իր նկատմամբ սերմանում և հրահրում են ատելություն»: Կարո Եղնուկյանը համոզված է, որ նույն հետապնդման հետևանք է նաև, որ հոկտեմբերի 15-ին անհայտ անձինք վնասել են իր մեքենայի բոլոր չորս ընթացքային անվադողերը, ինչի մասին նա հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն:
Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի՝ Օմբուդսմենի կողմից հրատապ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանապետին:
Պաշտպան Կարեն Անդրեասյանը բազմիցս անդրադարձել է իրավապաշտպանների և հասարակական ակտիվիստների անվտանգության և առողջության ապահովման խնդիրներին: Օմբուդսմենը ևս մեկ անգամ հորդորում է Ոստիկանությանը հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել հասարակական և քաղաքական ակտիվություն դրսևորող բոլոր քաղաքացիների պատշաճ անվտանգությունը:
Պաշտպանի աշխատակազմ