
Արարատի քաղաքապետի պաշտոնին արդեն երեք հավակնորդ կա

Արարատի մարզի Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին թեկնածուների առաջադրման առաջին օրը՝ հոկտեմբերի 16-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ստացել է երեք հայտ:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, Արտաշատի «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրեն Հայկ Հայկյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ ԲՀԿ անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ արտադրության պետ Սամվել Բարսեղյանը և ինքաառաջադրված՝ անկուսակցական, գազալցակայանի հերթափոխի պետ Սմբատ Գասպարյանը:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա մինչև հոկտեմբերի 20-ը, գրանցումը՝ հոկտեմբերի 20-ից 22ը:
ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի որոշումներով վաղաժամկետ դադարեցվել են այս համայնքի ղեկավարի լիազորությունները: Արարատի նախկին քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մահացել է այս տարվա օգոստոսի 15-ին: