Արդարադատության նախարարության տվյալները բացահայտում են` Ադրբեջանը միլիոններ է վճարում ամերիկյան ընկերություններին
Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:
Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար: Ադրբեջանը, որպես լոբբինգի ասպարեզում նորելուկ, արագորեն սովորեց այդ ոլորտի հնարքներն իր «ավագ եղբայր» Թուրքիայից` քաղաքական խաբեությանը քաջատեղյակ վարպետից:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.
– Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն ամսական 35 հազար դոլար է վճարում «Փաթոն բոգս» ընկերությանը` «ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության և աջակցության համար», ամսական 18.3 հազար դոլար «Մելվուդ քոմունիքեյշնս» ընկերությանը` «լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ռազմավարությանը» աջակցելու համար, ամսական 20 հազար դոլար «ԴիՍիԱյ գրուպին»` « հանրային կապերի և լրատվական քարոզչության, ինչպես նաև վերլուծական կենտրոնների հետ հարաբերությունների ստեղծման» համար, և ամսական 45 հազար դոլար «Փոդեստա գրուպին»` հանրային կապերի իրականացման համար:
– «Լիվինգստոն գրուպը», որը կրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Բոբ Լիվինգստոնի անունը, որն իր պաշտոնը լքել է խայտառակ ձևով, մինչ այժմ ստացել է 2 մլն դոլար` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անունից լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:
– Ադրբեջանի միջազգային բանկը «Ջեֆերսոն Ուոթերման ինթերնեյշենլին» ամսական 25 հազար դոլար է վճարում`«ամերիկյան հաստատությունների հետ հարաբերությունների զարգացման» և «լրատվամիջոցների հետ կապերի ռազմավարության» համար: Նշված ընկերությունն ամսական ստանում է ևս 25 հազար դոլար «Ադրբեջանի նախագահությունից»`լրատվական ռազմավարության խորհրդատվության համար: Ադրբեջանի միջազգային բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
– Ադրբեջանի ամերիկյան դաշինքը մինչ այժմ «Ֆաբիանի&Co.» ընկերությանը վճարել է 2.4 մլն դոլար` «ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար` ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի և միջազգային կապերի մասին հետազոտություններ և շահերի պաշտպանություն խրախուսելու նպատակով»: Վերջերս Վաշինգտոնում Ադրբեջանի ամերիկյան դաշինքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցում էին 700 հյուրեր, այդ թվում` Օբամայի վարչակարգի պաշտոնատար անձինք, Կոնգրեսի անդամներ և օտարերկրյա դիվանագետներ: Բանկետին ներկա էին նաև հայկական հարցերի ընդդիմախոս տխրահռչակ կոնգրեսականներ, այդ թվում` սենատորներ Սաքսբի Չեմբլիսը և Ռիչարդ Բեռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները և նախկին կոնգրեսական Դեն Բարտոնը:
– «Ռոբերտի Ուայթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) ամսական 20.9 հազար դոլար է վճարվել ԱՄՆ «ՍՈՔԱՐ»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան դուստր ընկերության կողմից`Միացյալ Նահանգներում գործարար հնարավորությունները ուսումնասիրելու համար:
– Քանի որ փողի պակաս չկա, անգամ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսությունը կարող է իրեն թույլ տալ վարձել հասարակայնության հետ կապերի իր սեփական ընկերությունը: Տարիների ընթացքում այն օգտվել է «Սիթրիկ&Co» ընկերության (տարեկան 50 հազար դոլար), «Թուլշեդ գրուպ» ՍՊԸ-ի (35 հազար դոլար), որը հիմնադրվել է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացի կողմից, և «Փոթոմակ սքվեր գրուպի» (գումարը չի բացահայտվել) ծառայություններից` «լրատվական քարոզչություն… և խմբագիրների հետ համագործակցություն ապահովելու համար»:
Այժմ ի հայտ է եկել մեկ այլ նախկին կոնգրեսական, որն ընկել է Ադրբեջանի ամենազոր դոլարների հետևից: Նյու Յորքի նախկին կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը զբաղվում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (մի տարածք, որը ճանաչվել է միայն այն բռնազավթած պետության` Թուրքիայի կողմից) հանրային կապերով և պետական հարաբերություններով: Մաքմահոնը, որը մինչև 2010 թվականի իր պարտությունը ծառայել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Նյու Յորքի «Հերիկ, Ֆայնշտեյն» ՍՊԸ-ի անունից գլխավորում է լոբբիստական աշխատանքները, որը շահել է տարեկան 200 հազար դոլարի պայմանագիր` դեպի բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կոնգրեսական այցելություններ կազմակերպելու և լրատվամիջոցներում նրա հանրային վարկանիշը բարելավելու նպատակով: Մաքմահոնը նաև զբաղված է Նյու Յորք քաղաքում Թուրքիայի ընդարձակվող հյուպատոսության զարգացմամբ և շինարարությամբ:
Հետևաբար, զարմանալի չէ, որ Մաքմահոնի անունն անցյալ շաբաթ ջրի երես դուրս եկավ՝ փորձելով օրինականացնել նախագահ Իլհամ Ալիևի կեղծված վերընտրությունը, որտեղ նա հավաքել էր քվեների 85 տոկոսը, մինչդեռ նրա ինը մրցակիցները միասին ստացել էին մնացած 15 տոկոսը:
Չնայած միջազգային դիտորդները քննադատում էին Ալիևի վերընտրությունը որպես «անարդար և կեղծիքներով լի», «Նյու Յորք թայմսը» մեջբերելով Մաքմահոնին, նշում է, որ ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և իրոք արդյունավետ: Այնտեղ ավելի կարճ հերթեր էին, քան Ամերիկայում և վիճելի քվեաթերթիկներ չկային», ինչ որ պատահեց Ֆլորիդայում 2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:
Վրդովեցուցիչ է, որ «Նյու Յորք թայմսը» դարձել է Մաքմահոնի զոհը` որոշելով կեղծված ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել որպես «Դիտորդները տարակարծիք են Ադրբեջանում ընտրությունների արդարության վերաբերյալ»: Այսպիսով, «Թայմսը» մեկ մարդու ադրբեջանամետ քարոզչությունը հավասարեցրել է համատարած խարդախությունների ճնշող ապացույցների հետ` հաստատված այնպիսի հեղինակավոր միջազգային դիտորդների կողմից, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բարեբախտաբար, «Թայմսը» մատնանշել է, որ «գնահատականների տարբերությունը, թվում է, որ արտացոլում է Ալիևի կառավարության ագրեսիվ լոբբիստական ջանքերը` ընտրությունները ներկայացնելու իբրև արդար»:
Ամերիկահայերը չեն կարող մրցել ադրբեջանական շռայլ բաշխումների հետ: Նրանց պետք էլ չէ այդպես վարվել: Ամերիկահայերը կարիք չունեն միլիոններ ծախսելով լոբբինգ անել առկա փաստերը ներկայացնելու համար, քանի որ ճշմարտությունն իրենց կողմն է:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի