Ս. Անանիայի աջը բերվել է Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Անանիայի հիշատակը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցի է բերվել սրբի մասունքակիր աջը: Այն եկեղեցում կլինի մինչև երեկոյան ժամերգության ավարտը`18:00:
Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում այսօր մատուցվեց Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Անանիայի: Ս. Պատարագին ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Պատարագիչը արժանապատիվ Տեր Վարդան քահանա Գափոյանն էր:
Ս. Անանիան մեր Տեր Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից էր: Նա Ավետարանում հիշատակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, Հիսուս տեսիլքով հայտնվում է նրան և քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Ս. Անանիան նրան աղոթքով բժշկում է և մկրտության ժամանակ տալիս Պողոս անունը: Ս. Պողոսը այդուհետ նախանձախնդրությամբ ու սիրով անդամագրվում է քրիստոնյաների առաքելությանը:
Ս. Անանիայի գերեզմանը գտնվում է Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցու բակում գտնվող մատուռում: Այն հայտնի ուխտատեղի է ոչ միայն քրիստոնյաների շրջանում. այստեղ հաճախ են ուխտի գալիս բժշկության կարիք ունեցողները` անկախ կրոնական պատկանելությունից: Ավանդույթն ասում է, որ բժշկության հրաշքներով հայտնի լինելու շնորհիվ սրբի շիրիմի մոտ կառուցված եկեղեցին կոչվել է Ս. Զորավոր:
Այս եկեղեցին միջնադարում եղել է գրչության հայտնի կենտրոն, ճգնավորների համար այն անապատ է եղել: Այստեղ են ապրել, ճգնել ու վարդապետել Մովսես Տաթևացի կաթողիկոսը` վարդապետության շրջանում, աշխարահռչակ Հովհաննես Կոզեռնը և շատ այլ մեծամեծ գիտնական – հոգևորականներ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան