Տարոն Մարգարյանը Ռայմոնդ Պաուլսին և Վլադիսլավ Տրետյակին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալահամերգին հանդես գալու համար` Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հայտնի երգահանն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաև հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է նաեւ Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին: Քաղաքապետը նկատել է, որ մարզական բնագավառում ևս այդ համագործակցությունը պատշաճ մակարդակի է ու էլ ավելի ընդլայնման հեռանկարներ ունի:
«Շնորհակալ եմ, որ մեզ հետ միասին մասնակցեցիք մեր սիրելի քաղաքի ծննդյան օրվա միջոցառումներին և Ձեր ներկայությամբ մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն իրապես գնահատված է բոլոր ժամանակներում: Նաև համոզված եմ, որ Ձեր նման լեգենդար հոկեյիստի այցն ու տեղի մասնագետների հետ շփումները խթան կհանդիսանան, որ Երևանում ավելի շոշափելի զարգացում ունենան ձմեռային մարզաձևեր»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի 2795-ամյակի կապակցությամբ սպորտի բնագավառում հայ ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, խորհրդային անվանի հոկեյիստ, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Վլադիսլավ Տրետյակին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: