Բաժիններ՝

Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության գլխավոր միջոցառումը

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների միջոցառումների ամփոփումը Հանրապետության հրապարակում էր: «Իմ սրտի ուղեկից» խորագիրը կրող գալահամերգին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և Երևանի ավագանու անդամներ, Երևանի քույր և բարեկամ քաղաքների պատվիրակությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ հյուրեր, տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Արդեն երկրորդ օրն է, ինչ մենք ու մեզ հետ միասին նաև աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցները, տոնում ենք մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2795-րդ տարեդարձը:
Տոնում ենք՝ ուրախությամբ արձանագրելով, որ տարեցտարի Երևանն ավելի վստահ ու հպարտ է ներկայանում աշխարհին՝ որպես մեր ազգի ու մեր անկախ պետականության երեքհազարամյա խորհրդանիշ։  Քաղաքային տնտեսության, մշակույթի, կրթության և մի շարք այլ ոլորտներում արձանագրելով  առաջընթաց՝ ավելի ու ավելի ենք ամրապնդում մեր տեղը աշխարհի առաջադեմ մայրաքաղաքների շարքում։ Թերևս, նաև դա է պատճառը, որ այս օրերին մեզ հետ մեր ուրախությունն ու տոնական տրամադրությունը հավասարաչափ կիսում են մի շարք պետությունների մայրաքաղաքների քաղաքապետեր, քույր և բարեկամ բազմաթիվ քաղաքների պատվիրակություններ և, պարզապես, Երևանն արժևորող բազմաթիվ արտասահմանցիներ։

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը նաև մեր ժողովրդի համախմբման գործում կարևոր դերկատարում ունի։ Որպես միջոցառումների ամբողջություն, այն ինքնատիպ կամուրջ է հայրենիքի և աշխարհասփյուռ մեր հայրենակիցների միջև, հրաշալի առիթ՝ էլ ավելի ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերն ու աշխարհին ներկայանալու նաև մեր միասնականությամբ։ Սա նաև ինքնատիպ հնարավորություն է ամփոփելու և, տոնական առիթն օգտագործելով, ներկայացնելու տարվա ընթացքում ունեցած մեր ձեռքբերումները։ Իսկ դրանք, ուրախությամբ պիտի արձանագրեմ, ակնհայտ են: Առիթն օգտագործելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երևանցիներին, ում վստահության, աշխատանքի ու նվիրումի շնորհիվ են գրանցվում մեր բոլոր հաջողությունները: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր սիրելի մայրաքաղաքն օրեցօր ավելի շեն ու գեղեցիկ, ավելի հարմարավետ ու գրավիչ է դառնում։ Երևանցին իսկապես վաստակել է ուրախանալու և պարզ ճակատով իր սիրելի քաղաքի, մեր բոլորի տան ծննդյան օրը նշելու իրավունքը: Ես համոզված եմ, որ այսուհետ նույնպես, աշխատելով անմնացորդ նվիրումով, կանենք  հնարավորը՝ մեր սիրելի Երևանն ավելի լավը դարձնելու համար: Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ ուզում եմ հավատալ, որ այսուհետ ամեն մի հայ, հայրենիքում թե սփյուռքում, ավելի շատ է սիրելու Երևանը: Ու նաև հավատալ, որ մեր հրաշք քաղաքը իրավամբ յուրաքանչյուրիս սրտի ուղեկիցն է և այդպիսին է մնալու մեր ողջ կյանքի ընթացքում։
Շնորհավոր  տոնդ,  Երևան»։

Այնուհետև մայրաքաղաքի ծննդյան օրվա ամփոփիչ համերգային ծրագիրը  մեկնարկել է տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած աշխարհահռչակ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսի կատարումով:

Մինչև ուշ երեկո միջոցառմանը ներկա հազարավոր երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես հայ էստրադայի սիրված երգիչների ու երգչուհիների, այնպես էլ արտերկրից ժամանած արտիստների կատարումները:

yer8

yer7

yer6

yer5

yer4

yer3

yer2

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս