«Արհեստը» շուրջ 19,6 միլիոնի վնաս բերեց
Բազմադրվագ գողությունների այս քրեական գործը սկիզբ էր առել 2012 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել քաղաքացի Վարդգես Գևորգյանը։ Ինչպես գրում է Փաստինֆոն, անձնական խուզարկությամբ նրա հագին եղած կաշվե սև գույնի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերվել էր «Պառլամենտ» պիտակով ծխախոտի տուփ, որի մեջ գտնված մեկ հատ «Ախթամար» տեսակի գլանակը լցված է եղել դեղնականաչավուն զանգվածով։
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն, գլանակի մեջ հայտնաբերված բուսական ծագմամբ ընդհանուր 0,93 գրամ հաստատուն քաշով նյութը հանդիսանում է 0,83 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոցի և 0,1 գրամ քաշով թութունի բույսի մասնիկների խառնուրդ։
Հետագայում առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքին գումարվել են նաև բազմաթիվ գողությունների մեղադրանքներ, ըստ այդմ,Վարդգես Գևորգյանը՝ պարբերաբար շրջելով Երևան քաղաքի փողոցներով, 2009 թվականից մինչև 2012թ նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում կատարել է ուրիշի գույքի 82 դրվագ գաղտնի հափշտակություններ։
Այսպիսով, ըստ մեղադրանքի, 23-ամյա Վարդգես Գևորգյանը կատարել է հանցավոր արարքներ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն՝ 50 դրվագ: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալը կատարել է ևս 30 դրվագ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձեր (ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ): Մեղադրանքի ծավալում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՝ առանձնապես խոշոր չափերով գողություն, և 1.1 կետով 2 դրվագ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն, մեղադրանքները։
Ինչպես նախաքննության, այնպես էլ` դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վարդգես Գևորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, սակայն հրաժարվել է մեղադրանքի շուրջ ըստ էության ցուցմունք տալ։
Վարդգես Գևորգյանը որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն իր մոր, քրոջ հետ բնակվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով Երևան քաղաքի մի շարք բնակարաններից միայնակ կատարել է գողություններ, հիմնականում գողացել է ոսկյա զարդեր և գումար։ Գողությունները կատարել է սեփական տներից և շենքի բնակարաններից` գիշերային ժամերին։ Բնակարանների ընտրությունները կատարել է պատահական, թաղամասերով շրջելու ժամանակ։ Երբ նկատել է եվրոպատուհաններ, կրակայրիչի լույսը գցել է ներս և տեսնելով, որ տանը մարդ չկա, իր մոտ եղած պտուտակահանով բացել է պատուհանը և մտել ներս։ Գողացված զարդերը հիմնականում վաճառել է «Բաղնիքի» ոսկու շուկայում, սակայն չի հիշում, թե կոնկրետ ում։ Հայտնել է, որ կոնկրետ չի հիշում, թե որ հասցեների բնակարաններից է կատարվել գողություններ, սակայն կարող է հայտնել, որ 2009թ. ամռանից մինչև 2012թ. նոյեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում իր մոտ եղած պտուտակահանով եվրապատուհանները բացելու միջոցով կատարել է գողություններ Էրեբունի, Մալաթիա, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Դավիթաշեն համայնքների տարածքում, որոնց տեղերը կարող է մատնանշել։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, հոկտեմբերի 1-ի դատավճռով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 2 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 22 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /18.04.2003թ. խմբագրությամբ/ թվով 13 դրվագով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 28 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 17 դրվագներից յուրաքանչյուրով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ:
Նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 10 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Դատավճռով ամբաստանյալից հօգուտ տուժողների որպես հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցում պետք է բռնագանձվի՝ հօգուտ տուժող Վարդան Հունանյանի` 14.466.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ տուժող Հռիփսիմե Նիկողոսյանի` 3.090.000 ՀՀ դրամ գումար, հօգուտ տուժող Հմայակ Ղազարյանի` 2.079.000 ՀՀ դրամ գումար։ Ընդհանուր առմամբ, բռնագանձման գումարը կազմում է 19 635 000 ՀՀ դրամ:
Շարունակությունը՝ այստեղ