Լոնդոնի հրշեջները հրապարկել են ամենատարօրինակ կանչերի ցանկը
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հրապարակել է ամենատարօրինակ կանչերի ցանկը եւ խնդրանքով դիմել է բնակչությանը` չզանգահարել արտակարգ 999 հեռախոսահամարին, եթե իրավիճակն իսկապես ատակարգ չէ:
Ըստ ծառայության` ամենատարօրինակ կանչերի տասնյակում առաջին տեղն է զբաղեցրել կնոջ զանգը, ով հայտնել է, թե բարձի վրա սարդ կա: Երկրորդ տեղում տարեց կնոջ ահազանգն է եղել, ով բաժակի ջուրը լցրել է գզվռտվող շների վրա` ջրի հետ նետելով նաեւ ծնոտի պրոթեզը. նա հրշեջներին խնդրել է գտնել այն: Եռյակը եզրափակում է տղամարդու զանգը. նա խնդրել է տանիքի վրայից գտնել որդու կոշիկը: Դեպքը նա արտակարգ է համարել այն պատճառով, որ որդին չի կարող ֆուտբոլ խաղալ:
Լոնդոնի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ յուրաքանչյուր շաբաթ ստանում է ավելի քան 100 չարդարացված կանչ, որի մշակումը ժամանակ եւ ռեսուրսներ է պահանջում: «Մեր խորհուրդն է` եթե իրավիճակն իսկապես արտակարգ չէ` մի զանգահարեք 999 համարին»,-խնդրել են նրանք եւ խորհուրդ են տվել նման դեպքերում դիմել ընկերներին կամ հարեւաններին: