Ձայնագրությունները լի էին հայհոյանքներով. լրագրողները լքեցին դատական նիստերի դահլիճը
Քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի և ևս երկու անձի դեմ քրեական գործով այսօր դատարանն սկսել է գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը, հայտնում է pastinfo.am-ը: Դրանից հետո հետազոտվել են նաև ամբաստանյալների գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հրապարակվել են ոստիկանությունից ստացված տեղեկանքներն, ըստ որոնց ամբաստանյալներ Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը նախկինում դատապարտված են եղել, սակայն Արսեն Ավետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ համաներման ակտ ընդունելու կապակցությամբ:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Վ.Սաֆտալյանը բերման է ենթարկվել որպես կասկածյալ, սակայն հարցաքննվել է որպես վկա: Դատարանն ուսումնասիրել է նաև կրիչները՝ Արսեն Ավետյանի և Արկադի Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններով: Դրանց հետազոտումից պարզ է դարձել, որ տուժողի որդին՝ Արսեն Ավետյանը, Վարուժան Սաֆտալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս ասում է՝ «քիչ ա, դրանից մի 3 հատ էլ է պետք», որին ի պատասխան հնչում է. «Ես դրանից էլ որտեղից ճարեմ, լրիվ հերիք ա, ախպեր ջան»: Նրանց միջև տեղի ունեցած հաջորդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Վ.Սաֆտալյանը դեռ ձեռք չի բերել այդ դեղահաբերը՝ խոսքը գնում է հոգեմետ դեղամիջոց հանդիսացող ազալեպտինի մասին:
1 ժամից ավել տևող ձայնագրությունները պարունակում էին հայհոյանքներ, այդ իսկ պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: