Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը, ինչը կողմերի համոզմամբ՝ նոր հեռանկարներ կարող է բացել:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը եւ Ալեքսեյ Սերգեեւն ընդգծել են, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության շարունակական ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մինչդեռ Ադրբեջանը, ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերելով, շարունակում է մերժել եռանախագահների խաղաղատենչ կոչերը:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին՝ վեհաժողովի շրջանակում հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելու համար:
Ալեքսեյ Սերգեեւը իր հերթին նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն 2014 թվականը հայտարարելու է ԱՊՀ պետությունների մշակույթի տարի: