Բաժիններ՝

Շուտով կհրապարակվի օպերլիազորների գործով դատական ակտը

Խոշտանգումների վերաբերյալ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի դեմ գործով այսօր կհրապարակվի դատական ակտը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենք իրենց մեղավոր չեմ ճանաչում, որ իրենց գործողությունները իրավաչափ են եղել և որ միանում են իրենց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանական ճառում հնչած հիմնավորումներին:

Ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արայիկ Ալվանդյանը, պաշտպանական ճառում գտել էին, որ մեղադրանքն ապացուցված չէ, ամբաստանյալների գործողություններում բացակայում է հանցակազմը, ուստի պետք է կայացվի արդարացման դատավճիռ: Պաշտպան Սիմոնյանն ընդգծել էր, որ ոստիկանների ջանքերի շնորհիվ բացահայտվել է հանցագործությունը, իսկ տուժող Ռ.Հովսեփյանը օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ: Ըստ պաշտպանական կողմի, ամբաստանյալները գործել են իրենց լիազորությունների շրջանակում, բռնություն չեն գործադրել, պաշտոնեական կեղծիք չեն կատարել:

Մեղադրող Գևորգ Երեմյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին դատապարտել 4-ական տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Մեղադրող Գ.Երեմյանը նախաքննությամբ ձեռք բերված ու դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված էր համարել պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ մասնավորապես, խոշտանգումներ կատարելու, և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս