Բաժիններ՝

31-ամյա Մանե Մովսիսյանը մեղադրվում է պետական դավաճանության մեջ

Կապանի բնակչուհի, 31-ամյա Մանե Մովսիսյանը մեղադրվում է  պետական դավաճանության մեջ:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի` նա, 08.01.2012թ. համացանցի ծրագրով ծանոթանալով «Տիգրան Դերվիշյան» տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Մանե Մովսիսյանն, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղի շրջակայքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում աշխատելու ընթացքում փոխանցել է նաև ծառայության բերմամբ իրեն հայտնի դարձած, մասնավորապես` այդ զորամասի վերաբերյալ տեղեկությունները,  որոնք ռազմական բնագավառի պետական գաղտնիք են:

Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասով՝ պետական դավաճանությունը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝  նախնական կալանքը  նա  կրում է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան»  ՔԿՀ-ում:

Գործը կքննվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս