«Զարուհի Փոստանջյանին հեռացնելու մասին խոսք չկա». Դավիթ Հարությունյան
Շրջանառվում են լուրեր այն մասին, թե ԵԽ ԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցից հետո հայաստանյան պատվիրակության կազմը փոխվելու է: Այս առնչությամբ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, թե հարցը ԱԺ նախագահի իրավասությունների ներքո է և ինքը ձեռնպահ կմնա մանրամասն ներկայացնելուց, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԱԺ նախագահը, նախևառաջ այն պատճառով, որ գիտի այդ մասին: «ԵԽ ԽՎ կանոնների համաձայն, երբևէ խոսք չի եղել, որ քաղաղաքական ողջ ներկապնակը պատվիրակության կազմում պետք է ներկայացած լինի: Այն պետք է լինի հավասարակշռված: Կան որոշակի կանոններ, որոնց ԱԺ-ն հետևելու է: ԵԽ ԽՎ ընթացակարգը թույլ է տալիս ռոտացիա կատարել»,- նշեց նա: Հարցին, թե չե՞ք կարծում, որ պատգամավորը ազատ խոսքի իրավունք ունի, կարող է հնչեցնել ցանկացած հարց և այդ դեպքում խիստ չէ՞ նրան հեռացնելը պատվիրակության կազմից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե խոսքի ազատ արտահայտման իրավունքը ամենակարևորներից է, բայց հորդորեց չմոռանալ, որ այն ունի որոշակի սահմանափակումներ: «Ես վստահ եմ, որ մեր հասարակության մեջ ևս այս հարցում կան տարբեր գնահատակններ, բայց որոշում կայացնողներն ունեն իրենց սեփական գնահատականը: Անձամբ ես կարծում եմ, որ աննախադեպ դեպք էր ԵԽ ԽՎ-ում նման հարց տալը: Կան, իհարկե, քաղաքական գործիչներ, որոնք ավելի ընդդիմադիր երևալու համար նման գործունեություն են ծավալում: Ժամանակին պարոն Ժիրինովսկին էր նմանատիպ հնարքներ կիրառում, եթե հիշում եք: Նման սկանդալային ձևերը քաղաքականության մեջ բացասական են ընկալվում»,- նշեց նա: Դ. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ հարցը ոչ միայն վիրավորանք էր պարունակում, այլև՝ հարված ՀՀ ընդդիմությանը: «Գերակշիռ մասի մտքում ընդդիմության նման կեցվածքը չէ, որ համարվում է ողջամիտ կամ հարիր»,- հավելեց նա: Նա շեշտեց, թե Զ. Փոստանջյանին հեռացնելու մասին խոսք չկա, «կա խոսք՝ պատվիրակությունը ձևավորելու մասին, ինչը պետք է կատարվի՝ հաշվի առնելով ԵԽ ԽՎ օրենքները»: Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Զ. Փոստանջնաին քաղաքական հետապնդման են ենթարկում, նա ասաց, թե նման բան չկա՝ ոչ ոք չի հետապնդում Զ. Փոստանջյանին:



