Հայ-թուրքական սահմանին թուրք քաղաքապետը աղավնիներ է բաց թողել և ծաղիկներ գցել Արաքս գետը
Իգդիրի նահանգի Թուզլուջայի շրջանը Հայաստանից բռնազավթելու 93-ամյակի առթիվ Թուզլուջայի քաղաքապետը մոտեցել է հայ-թուրքական սահմանի զրոյական կետին, աղավնիներ թռցրել եւ սպիտակ մեխակներ գցել Արաքս գետը, հաղորդում է iranahayer.com-ը:
Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իգդիր նահանգի Թուզլուջայի քաղաքապետ Սաիթ Սեդրեթին Թյուրքանը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Թուզլուջայի գրասենյակի ղեկավարները, քաղաքացիների հետ մոտեցել են Հայաստանի հետ սահմանի զրոյական կետին։
Քաղաքապետը գլխավորությամբ Արաքս գետն են գցել կարմիր եւ սպիտակ մեխակներ եւ բաց թողել խաղաղության աղավնիներ։ Թուզլուջայի քաղաքապետը նշել է, թե նախկինում հայ եւ թուրք ժողովուրդները միասին խաղաղության մեջ են ապրել, սակայն այսօր Սփյուռքը ցանկանում է թշնամացնել եւ իրարից հեռացնել հայերին եւ թուրքերին:
«Աշխարհի 4 կողմում խաղաղության համար աղավնիներ բաց թողեցինք։ Սահմանի անմիջապես մյուս կողմում մեր հայ հարեւանների հետ եղբայրաբար, բարեկամաբար համատեղ տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացման հիմքի համար ծաղիկներ ենք գցում գետը»,-ասել է թուրք քաղաքապետը։



