
Վախճանվել է Թեհրանի ՀԹ Պատգամավորական ժողովի անդամ Ալբերտ Քոչարյանը

Հոկտեմբերի 9-ին երկարատեւ հիվանդությունբից հետո կյանքից վաղաժամ հեռացել է Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի 13 տարվա պատգամավոր Ալբերտ Քոչարյանը, հաղորդում է iranahayer.com-ը:
Նա ծնվել էր 1967թ. Իրանի մայրաքաղաք Թեհրանի հայաբնակ Մաջիդիե (Զեյթուն) թաղամասում: Նախնական կրթությունը ստացել էր հայոց ազգային դպրոցներում, ապա բարձրագույնը շարունակել Թեհրանի «Էլմ-օ-Սանաթ» համալսարանի էլեկտրական ճարտարագիտության ֆակուլտետում՝ ստանալով էլեկտրոէներգիա ճյուղի լիսանս:
Ալբերտ Քոչարյանը Իրան-Հայաստան Բարեկամության Միության հիմնադիր անդամներից էր: 2006 թ-ից Մաջիդիե թաղամասի Թաղային խորհրդի անդամ է եղել՝ մի քանի շրջան ստանձնել ատենապետի պաշտոնը:
2000 թ-ից, չորս շրջան անընդմեջ, Զեյթուն քաղաքամասի հայ բնակչության կողմից ընտրվել է որպես ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր: 2009թ. անդամակցել է ՊԺ Կազմակերպչական հանձնաժողովին: