Հովիկ Աբրահամյանը գտել է Փոստանջյանից ազատվելու ձևը

Ինչպես ազատվել Զարուհի Փոստանջյանից, որ աղմուկը հնարավորինս քիչ լինի. հենց այս խնդիրն է առաջիկայում փորձելու լուծել խորհրդարանի ղեկավարությունը: Որպեսզի չստացվի, որ հատուկ միտում կա` ազատվել Զարուհի Փոստանջյանից, որոշվել է փոխել ոչ միայն ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, այլ բոլոր 11 միջազգային խորհրդարանական կազմակերպություններում հայաստանյան պատվիրակությունների կազմերը:

Ավելի շուտ փոխել դրանց կազմավորման սկզբունքը, որի արդյունքում էլ կփոխվի պատվիրակության կազմը:
Ներկայիս պատվիրակությունները ձևավորված են այնպես, որպեսզի խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներկայացված լինեն դրանցում: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացուցիչներ ունեն գրեթե բոլոր պատվիրակություններում, նույնիսկ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունում, որտեղ ընդգրկված է ընդամենը երեք պատգամավոր, որոնցից մեկն ընդդիմադիր «Ժառանգությունից» է` ընդդիմադիր Թևան Պողոսյանը:

Դեռևս հստակ որոշում կայացված չէ, թե ինչ սկզբունքով պետք է կազմավորվեն նոր պատվիրակությունները, սակայն ամենահավանականը համարվում է, որ կազմավորման հիմքում կարող է դրվել Դոնթի բանաձևը: ԵԽ ԽՎ գրեթե բոլոր ազգային պատվիրակությունները կազմավորվում են հենց այս բանաձևի կիրառմամբ: 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոնները ևս բաշխվեցին Դոնթի բանաձևի կիրառմամբ: Արդյունքը եղավ այն, որ իրենց ընդդիմադիր հայտարարած երեք խմբակցությունները ստացան մեկական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոններ: ՀԱԿ-ը հրաժարվեց իր բաժնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանը և Արծվիկ Մինասյանը դարձան Արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի հանձնաժողովների փոխնախագահներ: 9 հանձնաժողովի նախագահի պաշտոն բաժին հասավ ՀՀԿ-ին, 3-ը` ԲՀԿ-ին:

Եթե նույն սկզբունքով ձևավորվեն նաև միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայստանյան պատվիրակությունները, ապա կարելի է պատկերացնել, որ դրանցում ընդդիմությունը կարող է ընդհանրապես ներկայացված չլինել: Օրինակ, 8 հոգանոց ԵԽ ԽՎ պատվիրակությունում 5-ը կլինեն ՀՀԿ-ից, երկուսը` ԲՀԿ-ից, և միայն մեկ պատգամավոր կարող է ներկայացնել ՀԱԿ-ը, այն էլ` փոխարինող կազմում: Այն դեպքում, երբ գործող պատվիրակության մեջ ներկայացված են և ՀՅԴ-ն, և «Ժառանգությունը», իսկ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը պատվիրակության հիմնական կազմում է: Դոնթի բանաձի կիրառման արդյունքը կլինի այն, որ պատվիրակությունները կկազմավորվեն բացառապես վերահսկելի և վստահելի պատգամավորներից, և իշխանությունը մտավախություն չի ունենա, որ պատգամավորներից որևէ մեկը միջազգային կազմակերպության ամբիոնից պետության ղեկավարին ոչ հաճելի հարց կուղղի:

Արդյոք Դոնթի բանաձևի կիրառումը և ընդդիմության դուրսմղումը պատվիրակություններից չի՞ առաջացնի եվրոպական կառույցների դժգոհությունը, արդյոք դա չի՞ դիտվի ընդդիմության նկատմամբ խտրականության դրսևորում: Ինչպես արդեն նշեցինք, եվրոպական երկրների ազգային պատվիրակությունները ձևավորվում են հիշյալ բանաձևի կիրառմամբ, և եթե նույն բանաձը կիրառում է Հայաստանը, դա կարող է միանգամայն օրինաչափ դիտվել:

Այլ խնդիր է, որ նույն բանաձևի կիրառումը եվրոպական որևէ երկրի խորհրդարանում կարող է այլ արդյունք ունենալ, իսկ Հայաստանի դեպքում` բոլորովին այլ: Պատճառն այն է, որ եվրոպական երկրների խորհրդարաններում չկան իրենց այլընտրանք հայտարարող քաղաքական ուժեր. դրանք կամ իշխանություն են, կամ ընդդիմություն: Բացի այդ. եվրոպական երկրներում իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների հարաբերակցության տարբերությունը շատ փոքր է լինում, ինչի հետևանքով` ցանկացած բանաձևի կիրառման արդյունքում պատվիրակությունների կազմում ընդդիմությունը և իշխանությունը ներկայացված են լինում գրեթե հավասարաչափ: Հայաստանում իշխող ՀՀԿ պատգամավորների թիվը գրեթե չորս անգամ ավելին է իրենց ընդդիմադիր հայտարարած երեք խմբակցությունների միացյալ թվից:

Հայաստանում մինչև այժմ կար ցուցադրական ժողովրդավարություն. իշխանությունը փորձում էր ամեն կերպ ցույց տալ, որ Հայաստանում ընդդիմությունը և դրա ներկայացուցիչները ունեն բոլոր ազատությունները, գործելու և արտահայտման հնարավորությունները: Իշխանությունը վստահ էր, որ ընդդիմության խոսքն իր համար որևէ վտանգ չի ներկայացնում, և այդ պատճառով կարելի է հանդուրժող լինել: Բայց ցուցադրական ժողովրդավարությունը դեպքից դեպք գլխացավանք է դառնում իշխանության համար, և իշխանությունը կարող է արմատապես ազատվել գլխացավից` վերացնելով այն ծնող պատճառները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031