
Օպերլիազորների գործով տեղի կունենա մեղադրողի փոփոխություն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի դեմ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ մեղադրող Գևորգ Երեմյանի բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Մեղադրողը տեղեկացրել էր դատարանին, որ ինքն ազատվել է դատախազության համակարգից, ուստի չի կարող պաշտպանել մեղադրանքը: Հոկտեմբերի 11-ի դատական նիստին ակնկալվում է նոր մեղադրողի մասնակցությունը:
Նշենք, որ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով պետք է հանդես գային ամբաստանյալները:
Ավելի վաղ մեղադրողն իր մեղադրական ճառում միջնորդել էր Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին դատապարտել 4-ական տարվա ազատազրկման՝ 2 տարով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Մեղադրող Գ.Երեմյանը նախաքննությամբ ձեռք բերված ու դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավորված էր համարել պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ մասնավորապես, խոշտանգումներ կատարելու, և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը:
Ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Արայիկ Ալվանդյանը, հակառակը, գտել էին, որ մեղադրանքն ապացուցված չէ, ամբաստանյալների գործողություններում բացակայում է հանցակազմը, ուստի պետք է կայացվի արդարացման դատավճիռ:
Պաշտպան Սիմոնյանն ընդգծել էր, որ ոստիկանների ջանքերի շնորհիվ բացահայտվել է հանցագործությունը, իսկ տուժող Ռ.Հովսեփյանը օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու մեջ: Ըստ պաշտպանական կողմի, ամբաստանյալները գործել են իրենց լիազորությունների շրջանակում, բռնություն չեն գործադրել, պաշտոնեական կեղծիք չեն կատարել: