Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա դատական քննություն է նշանակել

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1) նախագահող դատավոր Գ.Պողոսյանը նշանակել է դատական քննություն ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա:

Բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է: Երևանի Փակ շուկան հանդիսանում է հայ ժողովրդի մշակութային ժառանգություն` ներկայիս համայն հայության մայրաքաղաք Երևանի պատմության անբաժանելի մաս:  Փակ  շուկայի կառուցապատողին, ով  մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շինության կառուցումը չդադարեցնելու և  անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը  վնասելու  համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է  հուշարձանի ոչնչացմանը: Երևանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման:

Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմքերն են՝

Փակ շուկայի կառուցապատողը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են  տվել.

ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված  պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315’1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315’2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:

Բողոքի պահանջն է` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 05.07.2013 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս