Հայաստան-Ֆրանսիա երիտասարդական հավաքականների հանդիպման մուտքն ազատ է լինելու
Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 10-ին հերթական հանդիպումը կանցկացնի «Եվրո-2015»-ի ընտրական փուլում՝ հյուրընկալելով Ֆրանսիայի մինչեւ 21 տարեկանների ընտրանուն:
Ֆուտբոլասերները վերջին օրերին armsport.am-ին հարցնում են այն մասին, թե, արդյո՞ք, խաղի մուտքն ազատ է լինելու: Ցանկանում ենք եւս մեկ անգամ հայտնել, որ «Հրազդան» մարզադաշտում կայանալիք հանդիպման համար տոմսեր նախատեսված չեն եւ ցանկացողները կարող են առանց գումար վճարելու՝ ներկա լինել խաղին, որը սկսվելու է 21:00-ին:
Այսօրվանից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստվել այդ մրցավեճին, որից չորս օր անց, Ռաֆայել Նազարյանի սաները հյուրընկալելու են արդեն Ղազախստանի հավաքականին:
Ընտրական 10-րդ խմբում, Ֆրանսիան ընդգծված ֆավորիտն է: Ֆրանսիացիներն իրենց անցկացրած երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ են տոնել՝ մրցակիցների դարպասն ուղարկելով յոթ գնդակ: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականը Երեւան է ժամանելու հոկետեմբերի 9-ին եւ հանգրվանելու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Մրցակցի կազմում, հիմնականում, ընդգրկված են ֆրանսիական թիմերում ելույթ ունեցող խաղացողները, ինչպես նաեւ՝ իսպանական Լա լիգան ներկայացնող Այսմերիկ Լապորտեն («Ատլետիկ») եւ Տիեւ Բիֆուման («Էսպանյոլ»):
Հ.Գ. Այս պահին դեռ հայտնի չէ, թե որ հեռուստաընկերությունն է պատրաստվում հեռարձակել Հայաստան-Ֆրանսիա մրցավեճը։