Բաժիններ՝

Բակո Սահակյանը շնորհավորել է ուսուցիչներին և վաստակավոր մանկավարժի կոչումներ շնորհել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ:

* * *

 

Սիրելի ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, իսկապես համաժողովրդական մի տոն, որն ավանդաբար նշվում է մեր երկրում` որպես խորին հարգանքի դրսեւորում մանկավարժի մասնագիտության նկատմամբ:
Բոլորս առանձնահատուկ ջերմությամբ ու ակնածանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, նրանց դասերն ու խրատները, որոնք ուղեկցում են մեզ մեր ողջ կյանքի ընթացքում: Դա մի դժվարին ու միաժամանակ հետաքրքիր աշխատանք է, պատասխանատու ու չափազանց կարեւոր մեր երկրի ու ժողովրդի համար: Հենց դպրոցական տարիքում է ձեւավորվում մարդու անհատականությունը, նախանշվում նրա հետագա կյանքի ուղին, եւ այդ գործում անգնահատելի է ուսուցչի դերակատարությունը: Դուք ձեր իմաստնությամբ ու բարությամբ, համբերատարությամբ ու անձնուրացությամբ կրթում ու դաստիարակում եք մատաղ սերնդին` նրանց փոխանցելով ձեր գիտելիքներն ու հմտությունները, ձեր մեծ հոգու մի մասնիկը, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ ու շնորհակալ, թանկագին ուսուցիչներ:
Վստահ եղեք, ձեր խնդիրները միշտ գտնվում են ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կրթությունն ու գիտությունը հանդիսանում է մեր պետության կենսագործունեության գերակա ուղղություններից մեկն է:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

* * *

Ուսուցչի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մատաղ սերնդի ուսուցման եւ դաստիարակության գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.
Սաշա Ավանեսյանին
ԼՂՀ Մարտունու շրջանի Մուշկապատի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ,
Ժորա Մարգարյանին
ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն,
Անահիտ Պողոսյանին
Ստեփանակերտի N 7 հիմնական դպրոցի տնօրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս