Նախկին ոստիկանին Երևանում մահվան ելքով վրաերթի ենթարկած BMW X5-ի վարորդը բժշկական համալսարանի ուսանող է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 3-ին՝ Երևանում BMW X 5 մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու փաստով: Վարորդը եղել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող 24-ամյա Անուշավան Հակոբյանը, իսկ վրաերթի հետևանքով մահացածը ոստիկանության նախկին աշխատակից էր: Ինչպես վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այդ օրը վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ավտոմեքենայի վարորդը՝ Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան թիվ 1 շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից: Վրաերթի ենթարկվածը՝ 73-ամյա Յուրա Աբրահամյանը, ով բնակվում էր Նոր Նորքի Բադալ Մուրադյան 6-րդ շենքում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Ժամանել էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները վրաերթի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերել են BMW X5 մակնիշի, առանց համարանիշների ավտոմեքենա, որի թափքն ու դիմապակին ամբողջովին վնասված էին: Իսկ ավտոմեքենայից մոտ 3 մետր հեռավորության վրա բաժնի քրեական հետախուզության օպերները հայտնաբերել էին 01 AV 777 համարանիշներ, որոնք չէր բացառվում, որ նշված ավտոմեքենայի համարանիշները լինեին: Նոր Նորքի ոստիկանները, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, պարզել էին, թե ում անունով է հաշվառված նշված ավտոմեքենան և հայտնաբերել մահվան ելքով վրաերթ կատարած վարորդին: Վթարի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարության փրկարար ծառայության 9-րդ բաժնի, հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական ջոկատով, ովքեր առաջին իսկ պահից գտնվում էին դեպքի վայրում:
Շարունակությունը՝ shamshyan.com-ում