Փոստանջյանի համոզմամբ` ԱԺ նախագահը չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից
azatutyun.am –ի փոխանցմամբ` Զարուհի Փոստանջյանը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ցանկանում է հեռացնել իրեն հայկական պատվիրակությունից նախագահի Սերժ Սարգսյանին տված հարցի պատճառով։
Փոստանջյանի փոխանցմամբ՝ ինքը հանձնաժողովից պարզաբանումներ է ստացել, որ Աբրահամյանը իրավասու չէ փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, որովհետև պատվիրակության կազմն արդեն հաստատված է, և եթե Աբրահամյանը փորձի խոչընդոտել իր գործունեությունը, ապա կլինի արձագանք հենց ԵԽ-ից։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Աբրահամյանը հետագայում էլ չի կարող իրեն հեռացնել հայկական պատվիրակությունից, քանի որ ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները: Եթե հաջորդ տարվա հունվարին, երբ կհաստատվի նոր պատվիրակության կազմն ու լիազորությունները, լինեն խնդիրներ, այն ժամանակ էլ եվրոպական այդ կառույցը կարձագանքի:
Առայժմ Եվրոպայի խորհուրդը Հովիկ Աբրահամյանից պաշտոնական փաստաթուղթ չի ստացել և հետևաբար որևէ գործունեություն չի կարող ծավալել:
Փոստանջյանի փոխանցմամբ՝ իրեն հայկական պատվիրակության կազմից հանելու` Հովիկ Աբրահամյանի «ավտորիտար քայլերի» մասին արդեն տեղյակ են և ԵԽԽՎ-ում, և Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, որին անդամակցում է Փոստանջյանը:
«Նաև ԵԽԽՎ-ի նախագահն է տեղյակ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից, և շատ են ցավում, որ Հայաստանը շարունակում է գտնվել ավտորիտար տիրույթում, և ազատ խոսքի իրավունքը, ընդդիմության հայտարարությունները կարող են նման հետապնդումների և ոտնձգությունների առարկա դառնալ»,- փոխանցել է Փոստանջյանը։
«Ժառանգության» պատգամավորը ընդգծում է, որ հայկական պատվիրակության կազմից իրեն հանելու որոշումը Սերժ Սարգսյանինն է, Հովիկ Աբրահամյանն «ընդամենը կատարող է»։ Նա համոզված է, որ այս քայլը ուղղված է ոչ թե կոնկրետ իր, այլ ընդհանրապես ընդդիմադիր կարծիքի դեմ։
«Սերժ Սարգսյանին ուզում եմ ասել՝ այդ ապօրինությունները, որ ինքը այս պահին փորձում է իրականացնել, դրանք միևնույն է ստանալու են իրենց պատասխանները, և մենք հասնելու ենք նրան, որ իր նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- ասաց Փոստանջյանը։
Մինչդեռ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ կազինոյում խաղալու և մեծ գումարներ տանուլ տալու մասին Փոստանջյանի հարցը ցնցել է ԵԽԽՎ պատգամավորներին։
«Չեմ լսել որևէ մեկ պատգամավորից, ով ասեր, թե «էս ինչ հրաշալի հարց հնչեց»։ Բոլորի համար ուղղակի անընդունելի էր, անգամ այն պատգամավորների համար, ովքեր հայտնի են իրենց մոլի հակահայությամբ և ովքեր մշտապես ուրախացել են, երբ Հայաստանի հետ կապված որևէ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Անգամ նրանց համար այս որակի հայտարարությունը բացարձակապես անընդունելի էր»,- ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը ձեռնպահ է մնում որևէ գնահատական տալ Փոստանջյանին հայկական պատվիրակությունից հեռացնելու Հովիկ Աբրահամյանի մտադրությանը՝ ընդգծելով, որ առաջին հերթին այս խնդրին պետք է անդրադառնա «Ժառանգություն» կուսակցությունը։ Սակայն նա նաև ասում է, որ ինչպես անընդունելի է կազինոյի մասին հարցադրումը, նույնքան անընդունելի են այն վիրավորանքներն ու սպառնալիքները, որոնք վերջին օրերին հնչում են ընդդիմադիր պատգամավորի հասցեին։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: