Վահե Հովհաննիսյանը` Զարուհի Փոստանջյանի հարցադրման մասին. Դա տգեղ և անտեղի միջադեպ էր
Zham.am-ի հետ զրույցում ԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը` խոսելով ԵԽԽՎ նիստում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցադրման մասին, ասել է.
«Դա տգեղ և անտեղի միջադեպ էր: Ոչ ավելին: Լավ կլիներ, որ դա չլիներ: Պետք չէ ուռճացնել միջադեպը: Գիտեք, ԵԽԽՎ–ն բավական պատկառելի լսարան է, որտեղ հավաքված են զարգացած և անցումային ժողովրդավարությամբ պետությունների փորձառու քաղաքական գործիչներ, և նրանք հեշտությամբ տարբերում են կարևորը անկարևորից»:
Դիտարկմանը, թե սոցիալական ցանցերում տեսակետ է շրջանառվում, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներսում անառողջ հարաբերություններ և մթնոլորտ է տիրում, Վահե Հովհաննիսյանն ասել է. «Ինձ համար հարցը զարմանալի է: Պատվիրակության ներսում նորմալ աշխատանքային և մարդկային հարաբերություններ են` անկախ քաղաքական ուժի պատկանելությունից և քաղաքական հայացքներից: Իսկ անառողջ մթնոլորտ, կարծում եմ, տիրում է երկրի ներսում, հասարակության մեջ և մի շարք պետական կարևորագույն հաստատություններում, որտեղ բուն գործունեությունը թողած` մարդիկ զբաղված են մուտիլովկաներով, բանսարկությամբ, սեփական տապալումները այլոց վրա գցելու փորձերով»: