«Ես քվեարկել եմ սիրով»
Ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը
– ՀՀ գլխավոր դատախազի քվեարկության արդյունքները, շատերի գնահատմամբ, հանելուկի վերածվեցին, որովհետև արձանագրված 3 դեմ ձայներին արդեն հավակնում են ընդդիմադիր 8-ից ավելի պատգամավորներ: Ինչպե՞ս կբացատրեք ստեղծված իրավիճակը, և հնարավո՞ր է, որ ՀՅԴ պատգամավորները ևս դեմ են քվեարկել:
– Բացատրելու կարիք չեմ զգում: Մենք հայտարարեցինք, որ մեր պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում, այդպես էլ վարվել ենք: Թե ով` ինչ է արել, ով է ճիշտ, ով է սխալ, ես մեկնաբանել չեմ ուզում: Կա գաղտնի քվեարկություն, որոշում, որ Դաշնակցության պատգամավորներն ազատ են իրենց քվեարկության հարցում, մնացյալը ինձ չի հետաքրքրում, չի հուզում:
– Դուք անձամբ ինչպե՞ս եք քվեարկել:
– Սիրով եմ քվեարկել, սիրով (Ծիծաղում է.- Տ.Մ.):
– ՀԱԿ-ը հայտարարում է, թե բոլոր «դեմ» ձայները իրենցն են, որովհետև իրենք ֆրակցիայով որոշում են ունեցել դեմ քվեարկել: Ստացվում է, որ ՀՅԴ-ն կո՞ղմ է քվեարկել:
– Բոլորն ուզում են` իրենց հավատան, ես հավատացնելու խնդիր չունեմ: Մեզ որևէ մեկը մեղադրել չի կարող, որևէ մեկը չի կարող նաև փակ գաղտնի քվեարկության իրական պատկերն արծարծել: Փակ գաղտնի քվեարկությունը որևէ մեկին` պատգամավորներին, լրագրողներին, հնարավորություն չի տալիս հայտարարել ճշգրիտ պատկերը, իրականությունը վերականգնել հնարավոր չէ:
– Պարոն Վարդանյան, քվեարկության արդյունքներից հետո հնչեցին տեսակետներ, որ խորհրդարանական ընդդիմությունը երեք հոգուց է բաղկացած, որ ոչ իշխանական ուժերն ապացուցեցին իրենց վախճանը: Համամի՞տ եք այս տեսակետներին:
– Ես, բնակաբանար, դրա հետ համաձայն չեմ: Մենք հիմնավորել ենք, թե ինչո՞ւ ենք ազատ քվեարկել: Բազմաթիվ այլ նախաձեռնություններ են եղել, որոնց մենք կողմ ենք քվեարկել, ձեռնպահ ենք քվեարկել, սա մեր լիազորությունն է: Այս քվեարկության պարագայում էլ մենք ազնիվ ենք եղել, մենք ասել ենք` ինչպես ենք քվեարկելու:
– Գևորգ Կոստանյանն ավելի լա՞վ կաշխատի, քան արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
– Կապրենք` կտեսնենք: Միայն ուրախ կլինենք, եթե նրա աշխատանքը հաջողվի, որ մենք և հասարակությունն ունենանք լավ դատախազ: Ու այդ ժամանակ մենք կասենք` «կեցցե՛, հաջողեց»: Այնպես չլինի, որ հիշենք այն ժողովրդական խոսքը, թե` մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը:
– Կարո՞ղ ենք ասել, որ ՀՅԴ-ն ևս շանս է տվել Գևորգ Կոստանյանին` աշխատելու գլխավոր դատախազի պաշտոնում:
– Կարծում եմ` դա այլ պատգամավորի գնահատական է: Մենք խմբակցության ելույթում խոսել ենք առկա պրոբլեմների, այն խնդիրների մասին, որոնք համակարգային լուծում են պահանջում, ու որոշել ենք այս ամբողջ ֆոնի վրա ազատ թողնել դաշնակցական պատգամավորին, որպեսզի մենք մեր սուբյեկտիվ տեսակետն արտահայտենք: Սա, կրկնում եմ` ազնիվ մոտեցում էր, և խոսքը շանս տալու մասին չէ: Կա համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, որոնց ուղղությամբ քայլեր արվել են, բայց չեն հանգեցրել բարեփոխումների: Եթե լավ բան է արվում, միշտ պատրաստ ենք ողջունել:
Մենք միշտ ասել ենք` կա անձ` իր թերություններով, առավելություններով, մասնագիտական որակներով, հետո համակարգ: Քանի որ նախաձեռնվել են որոշ ուղղություններով առաջարկներ սահմանադրական և այլ բարեփոխումների ուղղությամբ, եթե դրանք լինեն մեր պատկերացումների ուղղությամբ, մենք կողջունենք, իսկ եթե իշխանության կենտրոնացմանն ուղղված կլինեն, ապա մենք դեմ կլինենք:
– Ասում են, որ Գևորգ Կոստանյանը ընդդիմության հետ դռնփակ հանդիպումների ժամանակ խոստումներ է տվել, ինչն էլ վստահություն է առաջացրել ոչ իշխանական ուժերի մոտ: Դաշնակցության որևէ խոստում նրա կողմից եղե՞լ է:
– Խոստումների մասով ճիշտ չէ ձևակերպումը: Մենք հնարավորություն ենք տվել նրան, հանդիպման ժամանակ ներկայացրել է իր մոտեցումները, պատկերացումները, ապա լսել ենք նրան ԱԺ դահլիճում, և կարող եմ ասել` նորմալ մոտեցումներ են: Ինչ կլինի կյանքը` չեմ կարող ասել. այստեղ է, որ մենք խոսում ենք անհատի և համակարգի մասին: Մեր հանդիպման ժամանակ մենք անգամ չենք փորձել խնդիրներ ձևակերպել, ասել ենք, որ ուզում ենք լսել իրեն, իր մոտեցումները, պատկերացումները, տարիների աշխատանքի արդյունքները, և ըստ այդմ` կազմել ենք մեր տեսակետը:
– Կարո՞ղ ենք ասել, որ իշխանության հետ Գևորգ Կոստանյանի թեկնածության հարցում համակարծիք եք:
– Ոչ, չեք կարող: Իշխանության հետ համակարծիք չենք եղել: Իշխանության կարծիքն իրենց կարծիքն է:
– ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե կասկածում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կեղծվել են:
– Ես հավատում եմ մեր ներկայացուցչին հանձնաժողովում` պարոն Մինասյանին:
– Չե՞ք սատարի իրեն` վերահաշվարկ պահանջելու հարցում:
– Ի՞նչ վերահաշվարկ: Ոչ, ես չեմ սատարի: Ի՞նչ է նշանակում` վերահաշվարկ ԱԺ-ում` դա լուրջ չի:
«168 ԺԱՄ»