Հովիկ Աբրահամյան. Համաներումը միտված է հանդուրժողականության ամրապնդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ ներկայացված համաներման մասին առաջարկը: Այս առնչությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քաղաքկիրթ պետությունում համաներումն ունի մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական կարևոր նշանակություն, որը միտված է հասարակության մեջ համերաշխության, հանդուրժողականության ամրապնդմանը, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը: Նա շեշտեց, որ բարձր է գնահատում Հանրապետության նախագահի համաներում հայտարարելու մասին առաջարկությունը, ապա նշեց. «Իմ կարծիքով` սա մեր հասարակության կողմից սպասելի քայլ է: Մեր քաղաքական գնահատականը համաներմանը միանշանակ դրական է: Եվ մենք ողջունում ենք այն քայլը, որ պետությունն իր գթասրտությունն ու մարդասիրական վերաբերմունքն է ցուցաբերում տարբեր հանգամանքների բերումով սայթաքած և նման իրավիճակում հայտնված քաղաքացիների նկատմամբ»:

Նա հույս հայտնեց, որ ԱԺ պատգամավորները ևս համակարծիք կլինեն իր հետ, որ նման մարդկանց պետք է օգնել և ճիշտ ճանապարհով գնալու հնարավորություն ընձեռնել: Ավելին, ըստ Հովիկ Աբրահամյանի, համաներումը բխում է  քրիստոնեական հավատից և արժեհամակարգից: «Ընդհանրապես և մադասիրության, և բարոյական, և քաղաքական տեսանկյունից մենք կարևորում և ողջունում ենք այս քայլը, որը վստահորեն կարելի է ասել` խթանելու է հանդուրժողականության, համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապմանը, իսկ դրանք մեզ համար կարևորագույն առաջնություններից են»,- հայտարարեց ԱԺ նախագահը, ապա հավելեց, որ համաներումը նաև սոցիալ-հոգեբանական և դաստիարակչական քայլ է, ուղորդիչ է այն մարդկանց համար, ովքեր ազատության մեջ հայտնվելով` կկարողանան իրենց ուժերը ներդնել ի նպաստ երկրի:

Նա նկատեց նաև, որ համաներումը դիտվում է որպես զուտ քաղաքական քայլ` ուղղված բազմաթիվ ներքին խնդիրների լուծմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս