
Հրայր Թովմասյանն առաջարկում է համաներման մասին որոշման նախագծի ընդունումը հետաձգել մեկ օրով

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից առաջարկեց համաներման մասին որոշման նախագծի ընդունումը հետաձգել մեկ օրով՝ մինչև վաղը: Հրայր Թովմասյանը նշեց, որ ոչ մի համաներում չի գալիս ուղղելու այն հնարավոր սխալները, որոնք կարող է դատական իշխանությունը թույլ տված լինել: Ըստ նրա՝ համաներման նպատակը արդարադատություն իրականացնելը չէ, ուստի նպատակահարմար չէ քննարկումներ իրականացնել այս առումով:
«Մենք բաց ենք լինելու, ես պատրաստ եմ լսել բոլորին: Հասարակությունից եկող առաջին ազդակները պատգամավորներին են հասու, ուստի պիտի խնդրեմ նրանց ինձ փոխանցել առաջարկները: Չարաշահումները պիտի փորձենք զրոյացնել: Կա մի շեմ, որին մենք փորձում ենք հասնել»,- ասաց հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը:
Նա նաև նշեց, թե նրանց համար, ովքեր սպասում են համաներմանը՝ ամենադժվարը սպասելն է, որովհետև սպասվում է որոշակի վարչարարություն, թղթաբանություն, ապա շեշտեց, որ ավելորդ դանդաղկոտությունը լինելու է վերահսկողության ներքո և պատժվելու է իր կողմից: Այդ պատճառով նա խորհրդարանին առաջարկեց համաներում կիրառելու մասին որոշման նախագիծը վերջնական տեսքի բերելու նպատակով քվեարկությունը հետաձգել մինչև վաղը, երբ այն նախագահ Սերժ Սարգսյանի համար ընդունելի տարբերակով կներկայացվի ԱԺ-ին, նաև կներառի հնչած առաջարկությունները, որոնք ընդունելի են: