Գևորգյանը մեղադրվում է դատական նիստի ընթացքում բարձրախոսը վկայի ուղղությամբ նետելու մեջ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի վարույթ է ընդունվել Կ. Գևորգյանի գործը, ըստ որի` նա դատական նիստի ընթացքում բարձրախոսը նետել է վկայի ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Կ. Գևորգյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, 2013 թվականի մայիսի 31-ին, ժամը 14:30-ի սահմաններում Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքի նստավայրում, դատական նիստերի դահլիճում թիվ 26104512 քրեական գործի դատաքննության ժամանակ դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է Է. Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, այն է` վիճաբանության մեջ է մտել նույն գործով վկա` Է. Հակոբյանի հետ, որի ընթացքում դատական նիստի դահլիճում գտնվող անձանց ներկայությամբ շուրջ 5 րոպե տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել Է. Հակոբյանի հասցեին, սեղանի վրայից վերցրել է բարձրախոսը և այն նետել Է.Հակոբյանի ուղղությամբ, սակայն չի դիպել Է. Հակոբյանին, քանի որ ամրացված է եղել համակարգչին»:
Է. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործին որպես ապացույց կցված է բարձրախոսը, որը հանձնվել է դատավորին: