Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Արամ Մուղալյանն արդեն 24 ժամ է` ջրադուլ է հայտարարել
Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Արամ Մուղալյանն արդեն 24 ժամ է` ջրադուլ է հայտարարել: Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանն ասել է, որ երիտասարդի առողջական վիճակի, կյանքի պատասխանատվությունը կրում են դատարանը և դատախազությունը, քանի որ Մուղալյանը ջրադուլի ծայրահեղ քայլին է դիմել՝ այդ կառույցների ապօրինությունների դեմ պայքարելու համար:
Մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում քր.գործ է հարուցվել մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոշոր չափերի գույքը՝ խոտի դեզը, դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով: Ապրիլի 17-ին ձերբակալվել են երիտասարդներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը: Տղաներին մեղադրանք է առաջադրվել ուրիշի խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու, ավելի ուշ նաև` խուլիգանության հոդվածներով:
Վահե Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալման ժամանակ որևէ հիմք չի եղել՝ ենթադրելու, որ երիտասարդներն են կատարել հանցանքը: Քննիչը փորձել է ապացույցներ հավաքել կալանավորումից հետո, սակայն, փաստաբանի համոզմամբ, հավաքել է ոչ թե ապացույցներ, այլ հակասություններ:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանն «անհեթեթությունների, խախտումների կույտ» և «ուղղակի ծիծաղելի» անվանեց խուլիգանության հոդվածով քրգործ հարուցելը: Դանիելյանը նշեց, որ գետնին թափված ոչ պիտանի հարդը վառելը խուլիգանություն չի կարող որակվել, քանի որ խուլիգանությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մինչդեռ դեպքի վայրում հասարակության որևէ անդամ ներկա չի եղել:
«Մեղադրանքը լիրիկական շարադրություն է հիշեցնում: Մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա դրված: Տուժողի բազմաթիվ հակասական ցուցմունքները չեն կարող թույլատրելի ապացույց լինել»,- հավելեց Վահե Գաբրիելյանը:
Տուժող Ս.Խուդոյանը մինչև հունիս տված իր ցուցմունքներում նշել է, որ իր գույքը վնաս չի կրել, ինքը բողոք ու պահանջ չունի: Տեղազննության չորս արձանագրություններում խոսք չկա դեզի ծխահարման մասին: Սակայն հունիսին Խուդոյանը ցուցմունքը փոխել է՝ ասելով, թե 30 հակ խոտ է ծխահարվել, ինչի վնասը գնահատվել է 36 հազար դրամ: Փաստաբանները պնդում են, որ ծխահարման փաստը ստուգելու համար պատշաճ քննություն չի արվել:
Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց և չերկարաձգվելուց հետո երիտասարդները ապօրինի պահվել են կալանքի տակ: Հունիսի 5-ին դատարան են ներկայացվել կալանքը երկարացնելու միջնորդություններ, որոնք բավարարվել են:
Դատարանը հաստատել է 4 երիտասարդի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատարանը պատճառաբանել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ խափանման միջոցը փոխելու դեպքում կալանավորվածները կփախչեն, կկատարեն նոր հանցանք, բայց չի նշել այդ հիմքերը: Հետագայում միայն Արթուր Քլյանի խափանման միջոց կալանքն է փոխարինվել գրավով` ելնելով նրա առողջական վիճակից:
Ռոբերտ Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը ծեծել է Փիլոյանին: Սավանի վրա արյան հետքեր են եղել: Սավանը կնքել են, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացք տալու: Սակայն ընթացք չի տրվել՝ պատճառաբանվելով, թե արյունն ինքնավնասման և ոչ թե խոշտանգման հետևանք է:
Իսկ Արամ Մուղալյանը հայտարարել է, որ ցուցմունք է տվել քննիչի ճնշման տակ, և խնդրել է ընթացք տալ այդ հայտարարությանը, սակայն որևէ ընթացք չի տրվել:
Արման Դանիելյանն ասաց, որ քրգործում ինչ-որ էջեր են ավելացվել, ինչը կեղծիք է: Իսկ Մկրտիչ Դավթյանը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունները սպասում են համաներման, որպեսզի ինչ-որ ձևով խուսափեն ավելացված էջերի հարցը քննարկելուց:
Անկախ նրանից՝ համաներումը կտարածվի Արամ Մուղալյանի վրա, թե ոչ՝ Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալը վճռական է պայքարել արդարացման համար:
«Մեդիա կենտրոն»