Ռուբեն Գևորգյան. Ինչ խոսք, մենք եվրոպական ազգ ենք թե՛ մեր բնույթով, թե՛ մեր բանականությամբ, բայց…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին:
«Մեծարգո ԱԺ նախագահ, սիրելի պատգամավորներ .
Չպետք է մոռանանք, որ մարդկության մեջ հայ տեսակը հաճախ է կանգնել խորհրդավոր վճիռների և նոր ճանապարհների առաջ, և նա է, որ իր ամենացավագին հիշողություններով լավ գիտի, թե քաղաքական ինչպիսի ոչ ճիշտ կողմնորոշմամբ կարող ենք հայտնվել մի այնպիսի պայմաններում, որ ողջ ազգի ճակատագիրը կդնենք հարցականի տակ:
Ինչ խոսք, մենք եվրոպական ազգ ենք թե՛ մեր բնույթով, թե՛ մեր բանականությամբ, բայց շատ եվրոպական ազգերից տարբերվում ենք մեզ բնորոշող հոգեկերտվածքով և նախնյաց վարքականոններով: Այսինքն՝ բացառիկ մի ազգ ենք, մի ժողովուրդ, մարդկության մի տեսակ, որը հազարամյակներ շարունակ համամարդկային արժեհամակարգում պահպանելով իրեն բնորոշող բարձրագույն արժեքները՝ նաև համադրելի է եվրոպական ընտանիքին:
Եվ հենց այդ պատճառով էլ մեր երկրում պիտի տարվի այնպիսի քաղաքականություն, որպեսզի անժխտելի լինի պետության կողմից որդեգրած արտաքին քաղաքականության և ժողովրդի միջև գոյություն ունեցող բարոյական նկարագրի համընդհանուր կապը:
Հակառակ դրան, այսօր բոլոր գաղափարախոսությունները տանում են եվրոպականացման, այնինչ, մեր ազգային ոգին ու արժեքները միայն հայ ցեղը կարող է համամարդկայնացնել, իսկ Եվրոպան մեզ համար պիտի լինի այնքանով, ինչքանով որ հնարավոր կլինի մեր սեփականը քաղաքակիրթ աշխարհում դրսևորելու համար:
Չպետք է մոռանանք, որ անգամ եվրոպական մի շարք պետությունների հզորությունը պայմանավորված է հենց իրենց ազգային ոգու դրսևորմամբ և ազգային արժեքներից չշեղվելու փաստով:
Բայց, այսօր մոռացության տալով ազգայինը և ընդունելով եվրոպական լավագույն արժեքների շարքում գտնվող նաև անբարո աղբը, շատ կներեք, դա հարիր չէ հազարամյակներ գոյություն ունեցող մի ժողովրդի, որի գոյություն ունենալու փաստը կայանում է շնորհիվ իր ոգու, որը մինչ այսօր աշխարհի համար մնում է անհայտ և անճանաչելի:
Ինչ խոսք, Եվրոպան մեզ համար մնում է Եվրոպա, և դա լավ գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը: Այն քաղաքակիրթ աշխարհը, որը փակեց աչքերն անցած դարասկզբին թուրքի կողմից հայ ազգի նկատմամբ ցեղասպանություն իրագործած այդ ծանրագույն ոճիրի վրա:
Եվ այսօր աշխարհաքաղաքական դաշտում մեզ համար ստեղծված իրավիճակը, և մեր պետության կողմից կայացված որոշումը, թող ցնցումների մեջ չգցի նմանատիպ քաղաքակրթությամբ օժտված եվրոպացի մի շարք թուրքամետ գործիչների:
Այո, դա ցնցումնալի է լինելու թուրքերի և ազերիների համար, որոնց կողմից նավթադոլարների միջոցով Եվրոպայում մեզ համար պատրաստվող բիզը հայտնվելու է իրենց մարմնի ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
Ի վերջո, Հայաստան երկիրը մեր ազգի և ժողովրդի կնճիռներն են: Ժամանակն է, ժողովրդի հետ ճշտել իրականությունը՝ նրան չշեղելով երկրում տարվող քաղաքական այն ուղղվածությունից, որով կարելի է անսասան պահել մեր երկրի անվտանգությունը»: