Ադրբեջանում զանգվածային ինքնասպանության փորձ է գրանցվել
Բաքվում այսօր զանգվածային ինքնասպանության փորձ է կանխվել: АПА գործակալության փոխանցմամբ` Բինագդինի թաղամասում կառուցվող տան վեցերորդ հարկից փորձել են նետվել 35-ամյա եւ 33-ամյա երկու քույրերն ու նրանցից մեկի 15-ամյա ու 11-ամյա երեխաները:
Դեպքի վայր են ժամանել փրկարարները` հոգեբանների եւ բժիշկների խմբի հետ: Նրանք զրուցել են կանանց հետ եւ փորձել ետ պահել ինքնասպանության մտքից, ինչն, ի վերջ, հաջողվել է: Միաժամանակ շենքի ներքեւում բրեզենտ է բացվել, համպատասխան միջոցառումներ են ձեռնարկվել:
Գործակալության փոխանցմամբ, քույրերին նման քայլի են դրդել սոցիալական խնդիրները, իսկ նրանց մտադրության մասին ահազանգել է երրորդ քույրը: