Զինվորական թաղամասում բնակվող հայ ընտանիքները բնակարաններն ազատելու ծանուցումներ են ստացել
Գյումրիի ռուսական 8-րդ զինվորական թաղամասում բնակվող մի քանի տասնյակ հայ ընտանիքներ (որոնց անդամները նաև ՌԴ քաղաքացիներ են), ծանուցումներ են ստացել 10-օրյա ժամկետում բնակարաններն ազատելու մասին:
«Ազատություն» ռադիոկայանին բնակիչներն ասել են, որ նման ծանուցումներ նախկինում էլ ստացել են, սակայն այս անգամ հարցն «ավելի սուր» է դրված:
Այս թաղամասում բնակվում են ռուսաստանյան ռազմակայանում ծառայողների ընտանիքները, և բնակարանները տնօրինում է ռազմակայանի հրամանատարությունը:
«Արդեն երրորդ անգամ զգուշացնում են բնակարանն ազատելու համար, – ասել է բնակիչներից մեկը` շարունակելով,- Ոչ բան էլ չեմ պատրաստվում անել: Թող դիմեն դատարան: Ընտանիքով չորս անձ ենք, չորսս էլ Ռուսաստանի քաղաքացի ենք: Նախքան այս թղթերն ուղարկելը, պետք է կանչեին, բացատրեին, որ դուք անօրեն ենք զբաղեցնում այդ բնակարանը, այդ պատճառով պետք է ազատեք: Իսկ եթե օրինական է, ուզում են զինվորականներին շատացնել, թող բնակարանով ապահովեն ուրիշ տեղ: Պարտավոր են ապահովել: [Այդ դեպքում] Բնակարանները մենք կազատենք»:
Բնակիչների տեղեկություններով, ռուսաստանյան 102-րդ ռազմակայանում ավելացվելու է զինծառայողների թվակազմը, և բնակարաններն ազատվում են այդ նպատակով:
Խնդիրը, սակայն, մեկ ուրիշ կողմ էլ ունի. ծանուցում ստացած ընտանիքների մի մասը ժամանակին Ռուսաստանի Դաշնության կառավարության տրամադրած վկայագրերով բնակարաններ է գնել Ռուսաստանում` միաժամանակ զգաղեցնելով նաև Գյումրիի բնակարանները: Բայց ծանուցումներ են ստացել նաև թաղամասի այն բնակիչները, ովքեր նման վկայագրեր չեն ստացել, ուստի այս վերջինները պնդում են, որ բնակարանները կազատեն միայն այն դեպքում, երբ իրենց համարժեք բնակարաններ առաջարկվեն:
«Իմ ամուսնուս հատկացրեք ինչի որ արժանի է: Ինքը ինչի համար ծառայել է, հատկացրե’ք: Ես մեծ հաճույքով կգնամ», – ասել է մի կին, ում ամուսինը երեք տասնամյակից ավելի ծառայել է զորամասում:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի փոխանցել է, թե ռուսաստանյան կողմի հետ խնդրի շուրջ տարբերակներ են քննարկում:
«Այդ հարցը գտնվում է Պաշտպանության նախարարի ուշադրության կենտրոնում: Այդ հարցը հիմա քննարկվում է ռուսական կողմի հետ` օրինաչափ, բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելու համար», – ասել է Հովհաննիսյանը:
Տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: