
Դամասկոսում հրետակոծվել է Չինաստանի դեսպանատան տարածքը. կա վիրավոր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսում Չինաստանի դեսպանատունն ու նրան հարակից տարածքն այսօր ենթարկվել են ականանետային հարձակման: Այս մասին հայտնել է Չինական կենտրոնական հեռուստատեսությունը:
Ականանետից արձակված արկերից մեկը պայթել է դեսպանատան բակում, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել առնվազն մեկ աշխատակից: Դիվանագիտական ներկայացուցչությունը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը, սակայն անձնակազմի տարհանում չի իրականացվել:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը դատապարտել է Դամասկոսում երկրի դեսպանատան հրետակոծումը: Նա հավելել է, որ Չինաստանը ևս մեկ անգամ հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողություններն ու բռնությունները և հնարավորինս արագ սկսել երկխոսություն՝ հաստատելու համար խաղաղություն ու անվտանգություն:
Երկու արկ էլ ընկել է Դամասկոսի հյուիսի-արևմտյան հատվածում ընկած «Տիշրին» նախագահական նստավայրից ոչ հեռու: Արկերից մեկն անմիջականորեն ընկել է պետության ղեկավարի նստավայրի անմիջական մերձակայքում:
Նախորդ հինգշաբթի էլ ականանետից արձակված արկն ընկել էր Իրաքի հյուպատոսության այցելուների դահլիճի մեջ, ինչի հետևանքով զոհվել էր այդ երկրի մեկ (կին) քաղաքացի, և վիրավորվել էր 3 իրաքցի: