Բաժիններ՝

Ֆրանսիան պատրաստ է եղել Սիրիային ռազմական հարված հասցնել սեպտեմբերի 1-ին. մամուլ

Ֆրանսիական Nouvel Observateur թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիան պատրաստ է եղել Դամասկոսին ռազմական հարված հասցնել սեպտեմբերի 1-ի գիշերը և այն չեղյալ է հայտարարել ամենավերջին պահին՝ այն բանից հետո, ինչ Վաշինգտոնը հայտնել է, որ հետաձգում է իր մասնակցությունը Սիրիայի դեմ գործողությանը: Այս մասին թեթրին հայտնել են Ելիսեյան պալատում նրա աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ Փարիզը Սիրիային անհապաղ հարված հասցնելու նախապատրաստությունը սկսել է օգոստոսի 31-ին, ինչը տեղի է ունեցել Սպիտակ տնից հնչած հեռախոսազանգից հետո: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը զգուշացրել է, որ նախագահ Բարաք Օբաման երեկոյան կարևոր հարցով կապնվելու է իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ:

Քանի որ Ֆրանսիայի իշխանությունները վստահ են եղել, որ խոսքը գնում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին, Օլանդը կարգադրել է Օբամայի հետ իր զրույցից անմիջապես անց գումարել ռազմական խորհուրդ, որի շրջանակներում նա մտադիր էր պաշտոնապես արձակել Սիրիային հարվածելու հրամանը:

Այդ խորհրդին մասնակցելու համար հրավերներ են առաքվել արտաքին ու ներքին գործերի նախարարներին, պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին ու ռազմական հետախուզության գերատեսչության ղեկավարին: Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությունն այդ օրը քննարկել է ռազմական գործողությունը հեռուստաալիքներով լուսաբանելու քաղաքականությունը:

Թերթի աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի ռմբակոծությունը պետք է սկսվեր սեպտեմբերի 1-ին՝ ժամը 03.00-ին: Նախատեսվում էր հարվածներ հասցնել Միջերկրական ծովի միջազգային ջրերում բազավորված նավերի Rafale կործանիչ-ռմբակոծիչներով և ոչնչացնել սիրիական զինված ուժերի հրթիռային մարտկոցները և այն կորպուսի հրամանատարական կետը, որը պատասխանատու է քիմիական զենքի կիրառման համար:

Սակայն Օլանդը հարկադրված է եղել չեղյալ հայտարարել այդ պլանը, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Օբաման հեռախոսազրույցում անսպասելիորեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը հետաձգում է Սիրիայում ռազմական միջամտությունը՝ այդ հարցը Կոնգրեսում քննարկելու համար: Երկու շաբաթ անց ԱՄՆ-ը և Ռուսաստանը համաձայնեցրին Սիրիայի քիմիական զենքի հանձնման ու ոչնչացման պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս