Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են ակտիվիստին ծեծողներին

Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 25-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի մոտ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի երիտասարդ և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, քաշքշել, ձեռքով հարվածել և դիմել փախուստի:

1966 թ. ծնված Մկրտիչ Տ.-ն հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ժամը 23.50-ին հաղորդում է տվել, որ ս/թ օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա իրեն են մոտեցել 3 անծանոթ տղաներ, անհիմն վիճաբանել են իր հետ, ինչի ընթացքում երիտասարդներից մեկը ձեռքով հարվածել է իր դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Տուժողը` Մկրտիչ Տ.-ն, հաղորդում և բացատրություն տալուց հետո այլևս չի ներկայացել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նա հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն` բացատրություն և համապատասխան ցուցմունք տալու, ինչպես և` դատաբժշկական փորձաքննության գնալուց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մկրտիչ Տ.-ին օգոստոսի 25-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա մարմնական վնասվածք պատճառած 3 անձինք են 1976 թ. ծնված Արթուր Թ.-ն, 1974 թ. ծնված Վաղարշակ Վ.-ն և 1965 թ. ծնված Վադիմ Ո.-ն:

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արթուր Թ.-ն, Վաղարշակ Վ.-ն և Վադիմ Ո.-ն Երևան քաղաքի բար-սրճարաններից մեկի մոտից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ խոստովանել են իրենց կատարած արարքը:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս