Մոսկվայում ձերբակալվել է հայերից բաղկացած հանցավոր խումբ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանից ժամանածների էթնիկ հանցավոր խումբը, որը հարձակումներ է կատարել գրասենյակների ու բանկերի վրա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի մամլո կենտրոնը:
Ոստիկանության ունեցած տեղեկատվության համաձայն, կասկածյալները 2013 թվականի փետրվարին հարձակում են գործել Տրոիցկում գտնվող բանկի վրա և գանձապահին սպառնալով ատրճանակով՝ հափշտակել են 1.2 միլիոն ռուբլի:
Հունիսին խմբի անդամները նմանատիպ հարձակում են իրականացրել Մոսկվայում բանկային գրասենյակի վրա, ուր կապել են ադմինիստրատորի ձեռքերն ու ոտքերը և զենքի կիրառման սպառնալիքի ներքո հարկադրել են դրամարկղից հանձնել մոտ մեկ միլիոն ռուբլի:
Խմբի անդամները ձերբակալվել են մայրաքաղաքի Հյուսիս-Արևելյան օկրուգում: Չորս անձինք էլ հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ, որոնք չունեն աշխատանք և Մոսկվայում բնակվում են առանց գրանցման:
Նրանց բնակատեղիի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 40 բջջային հեռախոս և սիմ-քարտ, ինչպես նաև տրավմատիկ (վնասվածքային) ատրճանակ, որն օգտագործվել է հարձակումների ժամանակ: