Բաժիններ՝

Բազմազավակ մայրերը անվճար թանկարժեք վիրահատության հնարավորություն կունենան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք քաղաքական պարտավորություն` մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ արեցինք, ներդնելով առողջապահական ապահովագրական համակարգ, շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա ձեզ հետ միասին պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները  հասանելի դարձնել: Մեր հաստատմանը ներկայացված այս փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում: Առաջին անգամ մենք դա փորձում ենք կիրառել: Մենք նաև կանխիկ գումարը, որ տրամադրելու ենք երեք և ավելի երեխա ունեցողներին ավելացնում ենք և 2014 թվականի հունվարի մեկից դարձնում 500 հազար դրամ: Շուրջ 1 մլն դրամով էլ նրանք հնարավորություն են ունենալու օգտվել առողջապահական ապահովագրական համակարգից, հիփոթեքային համակարգից, բարելավելով իրենց բնակարանային պայմանները, կամ ուսման հատուցումը: Կարծում եմ` ներքին տուրիզմի հնարավորությունը նույնպես կարող ենք տալ, քանի որ այս չորս համակարգերը, որ մենք ներդրել ենք, արդյունավետ աշխատում են և ամենակարևորը, մենք ստացել ենք դրական արձագանք: Բոլոր մեր հանդիպումների ժամանակ խնդիր է դրվում, որ ընդլայնենք այս հնարավորությունը, որպեսզի մարդկանց քանակը, որոնք պետք է օգտվեն այս ծառայություններից, ավելացնենք: Դրա համար այս մոտեցումը հենց այդ խնդիրն է լուծում:

Երկրորդ կարևոր քաղաքական առաջադրանքը, որ մենք ունենք, վերաբերում է առողջապահության ոլորտին: Մենք մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունը դարձրել ենք անվճար: Հիմա մեր առջև խնդիր է դրված, որպեսզի մինչև 18 տարեկան երիտասարդների համար բուժծառայությունները դարձնենք հասանելի, բայց այստեղ իրականացնելով դասակարգումներ: Այսինքն, առաջին հերթին սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան երեխաներին մենք կարողանանք անվճար բուժծառայություն մատուցել: Այստեղ խնդիր է դրվում առողջապահության նախարարության առջև, որպեսզի մենք պիլոտային ծրագիր անենք և կարողանանք զանազանել վճարունակ և անվճարունակ ընտանիքները: Այս բոլոր միջոցառումները, որ իրականացնելու ենք, պետք է համահունչ լինեն մեր կառավարության ծրագրին, որպեսզի այն թիրախները, որ մենք մեզ համար ամրագրել ենք, հասանելի լինեն այս հինգ տարիների ընթացքում»:              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս