Ում հետ կամուսնանա Պուտինը
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս ամուրի է, համենայնդեպս, հարցի իրավական իմաստով»,- գրում է իսպանական «El Mundo» պարբերականը:
Հոդվածի հեղինակ Խավիեր Կոլասը գրում է, թե Լյուդմիլա Պուտինայի հետ ամուսնալուծությունից հետո գնալով ավելի են թեժանում այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահը կարող է ամուսնանալ մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի, այժմ` խորհրդարանի պատգամավոր Ալինա Կաբաևայի հետ: Հեղինակը հիշեցնում է Պուտինի մամուլի խոսնակի խոսքերը վերջին հարցազրույցում, որտեղ նա նշել էր, թե Պուտինի անձնական կյանքի մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
«Իհարկե, ավելի հեշտ կլիներ մեղմել բամբասանքները, եթե կինը` Կաբաևան, ում վրա են ուղղված բոլորի հայացքները, խոսակցությունների յուրաքանչյուր ալիքից հետո հարցազրույց չտար և չասեր, թե սիրահարվել է մի առեղծվածային պարոնի, ում անունը որոշ պատճառներով չի կարող ասել»,- նկատում է լրագրող Կոլասը: Վերջինս նաև փորձում է ցույց տալ պատճառը, թե, ի վերջո, ինչու են մարդիկ այդքան շատ սիրում խոսել Պուտինի անձնական կյանքի մասին:
«2012 թ. հոկտեմբերին հրապարակված հարցման արդյունքների համաձայն` Ռուսաստանի յուրաքանչյուր վեցերորդ կին ուրախ կլիներ ամուսնանալ նրա հետ»,- գրում է Կոլասը:
Խավիեր Կոլասը նշում է, թե որոնք են Պուտինի հմայքի գաղտնիքները. նա հանդես է գալիս որպես կենդանիների պաշտպան, թռչում է դելտապլանով, ձի է քշում մերկ մարմնով, ինչը, հեղինակի խոսքերով, ամրապնդում է «գործնական մարդու» մասին լեգենդը: Իսկ վերջին ժամանակներում, ըստ Կոլասի, Պուտինը, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ձեռք է բերել նաև խաղաղարարի կերպարը»: Ըստ հոդվածագրի` Սիրիայի ուղղությամբ հարվածի կանխարգելման գործում Պուտինին իրենց աջակցությունն են հայտնել նույնիսկ մի խումբ մերկապարուհիներ` Մոսկվայի ամենահայտնի ակումներից մեկից` «Golden Girls»-ից, այդ նպատակով նրանք էրոտիկ օրացույց են հրապարակել:
«Սա առաջին դեպքը չէ, երբ մի խումբ աղջիկներ մասամբ մերկանում են` հանուն իրենց նախագահի»,- ավելացնում է հեղինակը: