Բաժիններ՝

Դիզվառելիքի յուրացման մայր գործն ուղարկվեց դատարան

«Փաստինֆոյի» փոխանցմամբ` դատարան է ուղարկվել  պետբյուջեից առանձնապես խոշոր չափերի յուրացման հերթական գործը: Ըստ մեղադրական եզրակացության, 2002թ. նոյեմբերից մինչև 2013թ. մայիսի 24-ն ՀՀ  Արարատի մարզպետարանի  գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով օգտագործելով  իր պաշտոնեական դիրքը և  պաշտոնեական կեղծիքներ կատարելով՝ մարզի մի շարք համայնքների ղեկավարների և «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակել են  ՀՀ պետական բյուջեից պարբերաբար հատկացված, իրենց վստահությանը հանձնված, առանձնապես խոշոր չափերով 90.509.250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարը:

Այն հատկացվել է ՀՀ հողօգտագործողներին 2012թ. աշնան և 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի, 2013թ. հունվարի 24-ի որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի հիման վրա:

Աջակցության ծրագրերով  նախատեսվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ՝ ՀՀ Արարատի մարզպետարանի  և ՍՊ ընկերության  միջև կնքված մատակարարման պայմանագրերի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի համայնքների ղեկավարների միջոցով և մարզպետի կազմակերպմամբ, հսկողությամբ հողօգտագործողներին ընդհանուր առմամբ 2.264.614 լիտր դիզելային վառելանյութ վաճառելու համար:

Ընդ որում, որոշմամբ սահմանվել է, որ «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը պարտավոր է 1 լիտր դիզելային վառելանյութը հողօգտագործողին վաճառել նվազագույն շահավետ գնից ցածր գնով՝ 1 լիտրը 350 ՀՀ դրամ արժեքով, որի պարագայում ՍՊ ընկերության կրած վնասի փոխհատուցման նպատակով նրան նախապես տրամադրվել է 1 լիտրի վառելանյութի հաշվարկով 2012թ. աշնան ծրագրով 90 ՀՀ դրամ, իսկ 2013թ. գարնան ծրագրով՝ 105 ՀՀ դրամ սուբսիդիա՝ չիրացված վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ՀՀ պետական բյուջե վերադարձնելու պայմանով:

Ծրագրերի  իրականացման ընթացքում ՀՀ Արարատի  մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը, ըստ մեղադրանքի,  2012թ. օգոստոսին նախնական համաձայնության է եկել մատակարար «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների և ՀՀ Արարատի մարզի Արաքսավան, Արևաբույր, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջանիստ, Հովտաշեն, Նիզամի, Շաղափ, Պարույր Սևակ, Արևշատ, Նշավան, Լանջազատ, Այգեստան և Կանաչուտ համայնքների ղեկավարների հետ՝ շարունակաբար տրամադրվող սուբսիդիայի գումարներից յուրացման եղանակով հափշտակություն կատարելու վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն՝ Տիգրան Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կազմել, ստորագրել, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու «Ֆլեշ» ՍՊ ընկերությանն է ներկայացրել ըստ մարզի համայնքների դիզելային վառելանյութի բաշխման վերաբերյալ  16 կեղծ ցուցակները, որոնցում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հավելագրել է վերը նշված 16 համայնքներին անհրաժեշտ դիզելային վառելանյութի ծավալի չափը, փաստացի պահանջարկը ներկայացրել 872.450 լիտրով ավելի:

Այնուհետև, դիզվառելիքի հավելագրված չափերին համապատասխան, Տիգրան Վիրաբյանի կազմակերպմամբ  հիշյալ 16 համայնքների ղեկավարները «Ֆլեշ» ՍՊ ընկերության առանձին ծառայողների հետ շահադիտական նպատակով պարբերաբար կազմել են պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ ՍՊ ընկերության կողմից համայնքներին դիզելային վառելանյութ իրացնելու վերաբերյալ 38 կեղծ հաշիվ-ապրանքագրերը, ինչպես նաև՝  այդ  հաշիվ-ապրանքագրերի ամսաթվերով կազմված՝ նույն համայնքներին դիզելային վառելանյութի հանձնման-ընդունման անապրանք, կեղծ 34  ակտեր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս