Բաժիններ՝

Մանվել Գրիգորյան. Զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք

«Ճիշտ չէ նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երեւալ, լավամարդ լինել: Ես այսպիսիներին զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ, կուսակցական կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ազատամարտիկների շուրջ բարձրացված վերջին աղմուկին: Նա պատասխանել է եւս մի քանի հարցի:

 Իսկ ինչպե՞ ս եք վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ են անցկացնում, հանդիպումներ ունենում քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ: Դուք նրանց չե՞ք աջակցում:

-ԵԿՄ-ն, հնարավորությունների սահմաններում, աջակցում է պատերազմի բոլոր մասնակիցներին, զոհվածների, անհայտ կորածների եւ հաշմանդամների ընտանիքներին: Այն հարցերը, որ բարձրացնում են մեր ընկերները, ընդունելի են: Անշուշտ, կամավոր կերպով պատերազմ գնացած մարդկանց համար պետությունն ինչ էլ անի, ինչքան էլ անի` քիչ է: Բայց այդ տղաների ընտրած ուղին ճիշտ չի: Առավել եւս ճիշտ չի նրանց ուղին, ովքեր, օգտվելով պատերազմի մասնակիցների սոցիալական վատ վիճակից, փորձում են օգտագործել նրանց, փորձում են բարեգործ ու բարեսիրտ երեւալ, լավամարդ լինել: Ես այսպիսիներին զգուշացնում եմ` ով էլ լինեք` օլիգարխ կամ քաղաքական դաշտի մարդ, կուսակցական կամ չգիտեմ էլ ինչ գործիչ, ձեզ չափերի մեջ պահեք: Թույլ չենք տալու, որ երկրապահի, ազատամարտիկի, մեր մարտական ընկերների խնդիրները մանրադրամ դարձնելով` ձեր հարցերն առաջ բրդեք: Դուք մնացեք ձեր գործին, այս տղաներից ձեռքներդ հեռու: Ցավալի է, որ այդ մարդիկ նոր են հիշել կամ նոր են հասկացել, որ մեր երկրում ազատամարտիկ կա, սահմանամերձ գոտի կա, որ այս խնդիրներով զբաղվել է հարկավոր: Լավ կլինի այդ մարդիկ քիչ թալանեն, մտածեն իրենց հարկերը բյուջե փոխանցելու մասին, այդ դեպքում պետությունը գիտի, թե ոնց կլուծի սահմանամերձ գոտու հարցերն էլ, ազատամարտիկների խնդիրներն էլ: ՀՀ նախագահն էլ, պաշտպանության նախարարն էլ երկրապահ են, մեզանից մեկն են: Նրանք բոլորից լավ են հասկանում ազատամարտիկների խնդիրները, բոլորից լավ կարող են զբաղվել այդ հարցերով: Մի մոռացեք, որ այսօր մեր բանակը մարտունակ պահելու, ավելի հզորացնելու խնդիր ունենք, որովհետեւ դեռ պատերազմող երկիր ենք: Ունենք սահմանին կանգնած երիտասարդ լեյտենանտ, որ պետք է ընտանիք ստեղծի, ունենք գնդապետ, որի ընտանիքը պետք է լավ ապրի, որպեսզի ինքը կարողանա ամբողջությամբ նվիրվել գնդի խնդիրներին: Սահմանին կանգնած հայ զինվորը պետք է զինված լինի արդիական զենքով, իսկ դա հսկայական ծախսեր է պահանջում: Դա մեր ազգի, մեր պետության անվտանգությունն է թելադրում:

Զանգվածային բողոքներին մասնակցող ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց: Այս փաստի՞ն ինչպես եք վերաբերվում:

-Անմեղության կանխավարկած կա: Քանի մարդու մեղքը չի ապացուցվել` նա անմեղ է: Բայց ես մի բան ասեմ էլի` եթե իսկապես մարդը հանցանք է գործել` ի՞նչ կապ ունի` երկրապահ է, գեներալ է, բժիշկ է, լրագրող է, մտավորական է, իշխանավոր է, ընդդիմադիր է: Ցանկացած մարդ էլ պետք է օրենքի առաջ պատասխան տա: Հո մենք չե՞նք կարող հայտարարել, թե էս մարդուն մի հարցաքննեք, մի ձերբակալեք, մի կալանավորեք, ինչ է, թե նա մեր մարտական ընկերն է: Կարեւորը օբյեկտիվ քննությունն է: Եթե իրոք Վոլոդյան զոհվածի ծնողից փող է վերցրել, զինծառայողի ծնողից փող է վերցրել, ուրեմն նրան խիստ պատժել է պետք, ուրեմն նա մարդ կոչվելու իրավունք չունի: Ես ինքս, երբ կորպուսի հրամանատար էի, երբ փոխնախարար էի, աշխատանքից ազատել եմ գնդապետների, որ զոհվածի ծնողից փող են վերցրել: Իսկ եթե Վոլոդյա Ավետիսյանն անմեղ է, ու պատերազմի մասնակցի գլխին փորձել են զրպարտությամբ գործ սարքել, ուրեմն պետք է այդ գործ սարքողների հերն անիծվի, ուրեմն դրանք մարդ չեն, թուրք են: Կարեւորը, որ ամեն ինչ ճիշտ լինի, արդար լինի: Որ բոլորս այս կերպ մտածենք, ոչ թե մեր մոտիկներին հովանավորենք, մեր Հայաստանն էլ կծաղկի, կզորանա, կդառնա աշխարհի ամենալավ երկիրը:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս