ԱԷՄԳ-ի ու Իրանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի ներկայացուցիչները հայտարարել են Վիեննայում բանակցությունների 11-րդ փուլի ավարտի մասին: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 28-ին:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱԷՄԳ-ի փոխտնօրեն Հերման Նակերտցը հայտարարել է, որ այսօր իրենք ամփոփել են այն ամենը, ինչը քննարկվել է մինչ այս: Նա հավելել է, որ իրենք պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել հոկտեմբերի 28-ին և դրանից սկսած՝ ըստ էության քննարկել մնացյալ չլուծված հարցերը:

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հաստատել է Նակերտցի խոսքերը՝ ընդգծելով, որ դեռ հստակեցված չէ բանակցային հաջորդ փուլի անցկացման վայրը: Վերջին 2 տարիներին ԱԷՄԳ-ն ու Իրանը շարունակ բանակցում են իրանական միջուկային օբյեկտներ միջազգային փորձագետների մուտք գործելու թույլտվության շուրջ:

Նշվում է, որ այսօրվա բանակցությունները վերջինն էին Նակերտցի համար: Հոկտեմբերյան բանակցային փուլում ԱԷՄԳ-ը ներկայացնելու է կազմակերպության փոխտնօրեն Տերո Վարյորանտան, ով նույնպես մասնակցել է այսօրվա բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս