Ուկրաինան այս տարի առաջին անգամ մեծացրել է իր տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի տարանցման ծավալը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի ԵՄ-ի երկրներ կազմել է 59.7 միլիարդ խորանարդ մետր:
Դա 0.4 տոկոսով կամ 0.2 միլիարդ խորանարդ մետրով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտնել է «Ուկրտրանսգազ» ընկերության մամլո ծառայությունը:
Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ եվրոպական երկրներին ռուսական գազի օրական տարանցումը կազմել է 283.5 միլիոն խարանարդ մետր, ինչը 51.6 միլիոն խորանարդ մետրով կամ 18 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ուկրաինան 3.1 տոկոսով կրճատել էր իր տարածքով ռուսական գազի տարանցումը ԵՄ-ի երկրներ՝ մինչև 54.4 միլիարդ խորանարդ մետրի: 2012 թվականին Ուկրաինայի տարածքով ԵՄ ռուսական գազի տարանցման ծավալը կազմել է 132.4 միլիարդ խորանարդ մետր:
Նշվում է, որ Ուկրաինայի ստորգետնյա գազամբարներում ներկայումս կուտակված է 15.3 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ձմեռային ժամանակ սեփական սպառումն ու ԵՄ-ին առանց դադարների գազի տարանցում իրականացնելն ապահովելու համար: