«Եթե Վոլոդյա Ավետիսյանը բարոյականություն քարոզեր, պիտի բռնեին բռնաբարության համար»
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Հանրապետության հրապարակում՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցին հարող փոքրիկ այգում հավաքվել էին ազատամարտիկները՝ պահանջելով ազատ արձակել Արցախյան պատերազմի հերոս Վոլոդյա Ավետիսյանին, ով արդեն մի քանի օր է` ձերբակալված է:
Ի դեպ, հանդիպման վայրը պատահական չէր ընտրված, քանի որ սեպտեմբերի 20-ին մարտական ընկերները հենց այստեղ էին հավաքվելու և որոշելու, թե ինչպես են նշելու անկախության օրը, սակայն Վոլոդյան այդպես էլ չեկավ, և ընկերները ընտանիքի անդամներից տեղեկացան, որ վերջինիս ՌՈ-ն ձերբակալել է:
Լրագրողների հետ զրույցում «Խաչակիր» կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը նշել է, որ անօրինական է եղել Վոլոդյային առևանգելը, ում ՌՈ-ն է ձերբակալել, սակայն Վոլոդյա Ավետիսյանը արդեն համակարգում չէ.
«Եթե Վոլոդյան բարոյականություն քարոզեր, պիտի բռնեին բռնաբարության համար: Իրան սկզբից առևանգել են, հետո մտածել, թե ինչ մեղադրանք ներկայացնեն, այս գործը ոտքից գլուխ շինծու է, և դա կապված է իր բարձրացրած հարցերի հետ, որովհետև Վոլոդյա Ավետիսյանը ապացուցեց, որ իր բռնած ուղիով դեմքն է պատռում այսօրվա իշխանությունների, սոցիալական հարցերը բարձրացնելով` նա ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում անգամ չնչին հարցեր լուծել, այն հարցերը, որոնց համար իրենք կոչված են: Այդ պատճառով իր հարվածը ուղիղ կիզակետին էր հասցված, սակայն նրանց հաշվարկը սխալ էր, քանի որ մենք բոլորս Վոլոդյա Ավետիսյան ենք, և բոլորս միացել ենք Վոլոդյայի պահանջներին:
Եթե իշխանությունները չեն կարողանում ապահովել ժողովրդի պահանջները, ամոթ բան չէ, ասեք` կներեք տղերք, չենք կարողանում ու հեռացեք, մյուսները կգան` կապահովեն: Կամ սրանք ոչ պրոֆեսիոնալ են կամ դիտավորյալ հասցնում են էն վիճակին, որ նեղեն և´ ազատամարտիկներին, և´ քաղաքացուն և ընդհանրապես այնպես անեն, որ կես միլիոն մնա երկրում»:
Սարուխանյանը գտնում է, որ սա մեսիջ է բոլոր սոցիալական խմբերին, որպեսզի մարդիկ սոցիալական հարցերով չմոտենան, հակառակ դեպքում` կկալանավորվեն:
Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով ՊՆ նախկին աշխատակից է և այս գործում ներառված երկրորդ պաշտպանը, գտնում է, որ այստեղ չպետք է խոսել դատաիրավական խնդիրների մասին, քանի որ այն քաղաքական ենթատեքստ ունի.
«Չէի ուզենա խոսել իրավական մանրամասների մասին, առայժմ գործը սկզբնական փուլում է, շատ ասելիք չկա, կնախընտրեմ իմ կարծիքը հայտնել որպես Նախախորհրդարանի անդամ՝ պիտի մի բան նկատի ունենանք, որ իր և իր ընկերների սոցիալական պայքարը «մերկացնում» էր իշխանություններին: Որպես ՊՆ-ում երկար տարիներ ծառայած մարդ՝ ասեմ, որ հատուկ կերպով ընտրվել է ազատամարտիկների և սոցիալական պաշտպանության այնպիսի համակարգ, որը մոտ է մարդկանց կեղեքելուն: Մարդկանց ընդունում են որպես վարձկաններ և տալիս մի գումար, որով չի կարող իր գոյությունը պահպանել»,-ասել է Ավետիսյանը:
Ազատամարտիկները նշել են, որ հաստատակամ են, մինչև վերջ պայքարելու են Վոլոդյային ազատության մեջ տեսնելու համար և հենց այս վայրում էլ սպասելու են Վոլոդյայի վերադարձին:
Մանրամասները կարդացեք այստեղ՝